Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 38

ծնոտները դողում էին հուզումից , քունքերը ՝ տրաքվում արյան հորձանքից , ձեռքերը սեղմվում ջղաձիգ , և նա սենատորներին էր նայում արնագունած աչքերով ։ Մի պահ կամեցավ հրամայել կոտորել բոլորին , իսկ դա թույլ էր տալիս օրենքը և իր իշխանությունը , անգամ շրջվեց դեպի պրետորիանները , որոնք զգաստացան իր հայացքից և շոշափեցին սրերի դաստակները , բայց պատժի այդ ձևն իրեն կբերեր ակնթարթային բավարարում միայն ու երբ դուրս գար կուրիայից ՝ վրեժը գոհացած կլիներ արդեն , ավարտված կլիներ նաև սենատորների տառապանքը , մինչդեռ ինքն ուզում էր նրանց տառապանքը տևական լիներ , այնքան , որքան նրա ՛ նք էին տառապեցրել իրեն ։
Նա պատժի իրեն գոհացնող ձև էր որոնում , նա տեսել էր տանջանքի բազում եղանակներ , ինքն էր իրականացրել դրանք մանուկ հասակում , բայց դրանց և ո ՛ չ մի տեսակն այդ պահին չէր թվում նրան բավարար ։
Նա հանկարծ հիշեց , որ երեկոյան Պիզոնի որդու հարսանիքն է և ինքը հրավեր է ստացել դեռ Բոնա Դեայի տոնից առաջ ։ Մակրոնը , որ լարված հայացքով հետևում էր կեսարի ամեն շարժումին , նկատեց , թե ինչպես նրա դեմքի վայրագ կատաղությունն ակնթարթորեն փոխարինվեց խոր արհամարհանքի արտահայտությամբ ։
Կալիգուլան կնճռոտված խորհեց մի պահ , ապա դարձավ սենատորներին ու ասաց թունոտ .
― Դուք լավ գիտեք , թե ինչ պատիժ է ձեզ սպասվում հին սովորույթով . ձեր պարանոցից կբռնեն եղանով և կգանակոծեն , մինչ որ մեռնեք , և մարմինները ձեր Տիբրոս կձգեն , որպես կեր ձկներին ․․․
Նա դադար տվեց մի պահ և խոժոռ հայացքը սահեցրեց բոլորաձև դահլիճի վրայով ։
― Բայց ես բարի եմ անչափ և թույլ կտամ ձեզ քավել ձեր մեղքերը . ես գնում եմ խնջույքի հիմա ՝ Պիզոնին հյուր , և դուք պիտի ուղեկցե ՛ ք իմ դեսպակը ՝ ջահեր բռնած վազելով իմ կողքից ․․․
Սենատորները , որ կանգնած էին մինչ այդ գլխահակ , շփոթահար միմյանց նայեցին , իսկ Մակրոնն անկարող եղավ զսպել զարմանքը և արտաբերեց ակամա .
― Որպես վերջին ստրու ՞ կ ․․․ Կալիգուլան շրջվեց դեպի պրեֆեկտը .
― Դու ուզում ես ասե ՞ լ , որ ազնվատոհմիկի համար նվաստացումը ահավոր պատի ՞ ժ է , մահից էլ ծա ՞ նր ։ Այդպես է , չեմ առարկի , և հարգելով նրանց դիրքը ՝ առաջարկում եմ նրանց , ահա , ընտրել նվազ ահավոր պատիժ ՝ անձնասպան լինել ու արյամբ մաքրել գործած ոճիրը , այն ՝ ինչ պահանջում է օրենքը և ինչպես վարվել են այս Քաղաքում յոթ հարյուր տարի ։
Այս ասելով ՝ Կալիգուլան քամահրալից հայացքով չափեց սոսկումին տրված սենատորներին , ապա քայլելով դեպի ելքը ՝ դիմեց Մակրոնին .
― Եթե Քաղաքի հայրերի մեջ լինեն այնպիսիք , որ կկամենան արժանապատվորեն խուսափել նվաստացումից , բայց անձնասպանվելու ուժ չեն ունենա , բարի եղիր և օգնի ՛ ր նրանց ։
Մակրոնը շվարած մերթ հեռացող կեսարին էր նայում , մերթ սենատորներին ։
Կալիգուլան ելավ կուրիայից և ծանր աշխատանքից ուժասպառված մարդու նման ընկողմանեց դեսպակի մեջ ։ Նա ոչինչ չհրահանգեց , և պատգարակակիրներն իրենց տեղերը զբաղեցնելով ՝ անշարժացան արձանի նման ։