Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 37

Մակրոնը մնաց կանգնած դահլիճի լայն մուտքի մոտ , իսկ չորս պրետորիան քարացան Պոմպեոսի արձանի պատվանդանի առջև ։
Կալիգուլան բազմեց պրինցեպսական ոսկեձույլ գահավորակին ու բեմ ելած սկսնակ դերասանի նման փորձեց դեմքեր չտեսնել բազմության մեջ ։ Նա օգնության կանչեց բոլոր աստվածներին , անտառների ոգիներին , գետերի նիմփաներին , իր տոհմի Մաներին ՝ անզգայացնելու իրեն , և ջանաց շղարշել հայացքի դեմն անշոշափելի , անթափանց մշուշով ու պատկերացնել , թե իրեն հասնող ձայները գալիս են ոչ թե կուրիայից , այլ ընդերքից ։ Նրան դա հաջողվեց , քանի որ մեծ էր տենչանքը , սակայն ինքնախաբեությունը չէր կարող երկար տևել , և նա հետզհետե միմյանց հետ զրուցող դեմքեր սկսեց տեսնել ։ Հետո հոգեկերտ մշուշը հալվեց միանգամից ։ Նրա առջև , սենատորական կարմրաեզր պարեգոտի մեջ առնված , անհոգ բազմել էին Ատալոսը , Կասիոսը , Սկիպիոնը ։ Բոլորաձև նստած հազար պատրիկների մեջ նրա հայացքն արագ գտավ նաև Պուբլիոսին , Սերգիուսին , ապա ՝ Օպիոսին , Պոլիոնին , Կատիլինային , Կլավդիոսին , հետո նա կորցրեց հաշիվն ու զարհուրեց մատնիչների մեծաթիվությունից ։ Նրանց մատնագրերը հառնեցին նրա հայացքի դեմ , ապա և հարազատները պատկերացան սահմռկեցուցիչ դեմքերով ։ Սոսկումով զգաց , թե ինչպես է խլրտում իր մեջ Տիբերիոսի գազանը , ատելությունն ինչպես է տարածվում մարմնի մեջ դողի տեսքով ։ Աչքերը դուրս թռչել էին ուզում խոռոչներից , սիրտը նեղվում էր վանդակի մեջ ոսկրե , նրան թվում էր , թե հուր է շնչում , և բոցե լեզուներ էր տեսնում հայացքի դեմ ։ Սառը քրտինք էր պատում դեմքն անվերջ , որ ջանում էր սրբել վարշամակով ։ Նրա ունկերում , հետզհետե ուժգնանալով , արձագանքվում էին հարազատների ձայները , որ կանչում էին հանդիմանանքով . « Մի ՞ թե քո մեջ մեռել է տղամարդը »։
Կալիգուլան ձեռքն աննկատ տարավ պարեգոտի տակ , ուր դաշույն ուներ , և ծակծկեց մատները , հուսալով այդ կերպ ազատվել տանջող տեսիլներից ։ Սկզբում դա օգնում էր , և ցավը վանում էր տեսիլները , բայց հետզհետե գազանը , բավարարում տենչացող վրեժը , շուրջը պտտվող հարազատների սարսափազդու ուրվականները հաղթահարեցին նրա մարող դիմադրությունը ։ Նրանց կանչերը խլացնում էին իրեն , քաշում էին նրանք իր ձեռքերից , հրում թիկունքից , որ դադարի մնալ նստած ՝ վերջին ստրուկի պես երկչոտ . անգլուխ ճիվաղներ էին սեղմում կոկորդը ու փորձում խեղդել ․․․
Կալիգուլան տենդորեն ծակծկում էր ձեռքը , իսկ այն արյունլվա էր արդեն ամբողջովին ու ցավ չէր զգում այլևս ․․․
― Սեյանոսի քսու արբանյակնե ՛ ր ,― ոռնաց նա հանկարծ ողջ ուժով և նետեց սոսկումով սենատորների վրա մականն իր փղոսկրյա , ապա ելնելով ՝ շպրտեց և աթոռը պրինցեպսական ։
Մակրոնն ու չորս պրետորիանները նետվեցին դեպի պրինցեպսական հարթակ , կեսարի ձայնի վրա տագնապով կուրիա մտան ևս քսան զինվորներ , և սենատորները զարմանքից քարացած ու ոչինչ չհասկանալով ՝ ահաբեկված նայում էին մերթ կեսարին , մերթ սպառազեն թիկնապահներին ։
Ցասումից դողալով ՝ Կալիգուլան գրեթե վազելով իջավ պրինցեպսական բարձունքից և արնաշաղախ ափը սենատորներին պարզած ՝ անունները տալով ոտքի կանգնեցրեց ու վերջին լուտանքները թափեց բոլոր նրանց վրա , ում մատնագրերը հասել էին իրեն , հիշեցնելով յուրաքանչյուրին , թե ինչ են գրել նրանք Տիբերիոսին իր հարազատների մասին , ու նաև անողոք ամոթանք տվեց այդ ամենից հետո իրենից նվերներ ու պատիվներ ընդունելու համար ։
Հանկարծակի եկած սենատորները համրացել էին ու գունատվել Մարսյան դաշտի արձանախմբերի պես , իսկ Կալիգուլան կատաղությամբ համակված ՝ խռովահույզ ետ ու առաջ էր քայլում նրանց առջև ։ Նա ուզում էր էլի ինչ-որ բառեր ասել ՝ պարպելու համար զայրույթը , բայց