Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 36

Կալիգուլան զգաց , թե ինչպես ներքին մի լույս տարածվում է իր մարմնով ՝ կերպափոխելով իրեն , ինչպես երկիրն է փոխվում , երբ արև է շողում մռայլ ամպերի ճեղքից ։
Թովիչ մի մեղեդու ձայն հասավ նրան , ու շուրջը նայեց ՝ պարզելու համար , թե ո ՞ վ է նվագում ։ Նրա հայացքը կանգ առավ Տիբերինյան կղզու դիտաշտարակի վրա , ու քաղցր մի հուշ պարուրեց նրա հոգին . Գերմանիկոսն ամեն անգամ արշավից վերադառնալով իրեն ու Դրուսիլիային բերում էր այստեղ ՝ աշտարակի բարձունքից տեսնելու Հռոմ եկող ու հեռացող նավերը ․․․
Դրուսիլիային հիշելով ՝ նա արագ հասկացավ , որ մտքերի անկառավարելի ընթացքը կտանի հիմա իրեն մանկություն , ինչը սոսկալիորեն չէր ուզում , և կամենալով խուսափել այդ ամենից , ելավ ու մոլոր քայլեց գետեզրով ։
Ջուրն աղմուկով ճեղքելով ՝ եգիպտական մի բեռնանավ անցավ նրա կողքով , որ ցորեն ու վուշ էր բերում ։ Կալիգուլան երկար ճամփորդությունից հոգնած դեմքեր տեսավ տախտակամածին , ու այդ պահին հանկարծ մտաբերեց , որ ամիսներ առաջ առևտրական դասին խոստացել է հրովարտակով ազատել նրանց առքուվաճառքից կեսարական տան համար գանձվող հարկից ։ Խոստումի իրականացման ձգձգումը հետևանք էր պալատական սենեկապետ Էմիլիոսի առարկության , որը դժգոհում էր , թե առանց այդ էլ դժվարությամբ է հոգում կեսարական տան ծախսերը , փաստելով , թե միայն պրետորական կոհորտաները արժենում են յոթ միլիոն դենարե ։
« Հարկավոր է պրետորիանների քանակը պակասացնել հազարով ,― որոշեց Կալիգուլան ու մտքերով տարված ՝ չնկատեց , թե ափեզրից ինչպես թեքվեց դեպի Տրիումֆի փողոց ։― Անցիումի և Հերկուլանիումի կոհորտաներն առանց այդ էլ անգործության են մատնված , քանզի այնտեղ հազվադեպ եմ լինում »։
Քվեստորներն իրեն համոզել էին , թե այդ հարկի վերացման դեպքում առևտուրը կաշխուժանա և հացաբաշխման դժվարություններ չեն լինի այլևս , որ հետևանք էին Եգիպտոսում եղած երաշտի ։
Փողփողացող ալ կարմիրի առատությունն ու ոսկեգույնի ծփանքը գրավեցին նրա ուշադրությունը ։ Նա սթափվեց և իրեն գտնելով կուրիայի բակում ՝ քարացավ զարմանքից , չհասկանալով , թե ինչպես հայտնվեց այդտեղ ։ Հարյուր պրետորիան էր ծածկահարթակի մոտ զորաշարքով կանգնած ՝ Մակրոնի գլխավորությամբ ։ Սենատորներ էին ներսուդուրս անում , որ նկատելով իրեն , խմբվեցին դռների մոտ ։ Պճնազարդ իր դեսպակն էր կառանել սեզերի մեջ ՝ ութ խափշիկներով բոլորված ։
― Դու հետևե ՞ լ ես ինձ ,― նետեց Կալիգուլան ՝ վրդովված հայացքով նայելով Մակրոնին ։
― Ո ՛ չ , ամենևին ,― պատասխանեց պրեֆեկտը ձգվելով ու առանց վիրավորանքի նշույլի ,― ես ընդամենը հաշվարկեցի , թե ու ՞ ր կարող են կեսարին տանել մոլոր քայլերը ։
Կալիգուլան ոչինչ չասաց նրան ։
Վայրը , ուր նա չէր կամենա հայտնվել բոլորից առավել , կուրիան էր , քանզի այնտեղ զրպարտիչների էր պատահելու ։ Բայց իր կամքից անկախ ահա կանգնած էր կուրիայի բակում ու ետ դառնալ անկարող էր . ի ՞ նչ կասեր այդ դեպքում պրետորիաններին , մուտքի մոտ խռնված սենատորներին ։
Նա մի տեսակ թախիծով ու անզոր հայացքով ետ նայեց իրեն բերած ճանապարհով , ապա ձգեց պարեգոտի ճարմանդն ու մարտի տարվող գլադիատորի նման հարկադրված ՝ ներս անցավ կուրիայի դռնից ։
Սենատորները ոտքի ելան ՝ ողջունելու նրան ։