Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 35

անօգուտ էր , և հետզհետե աղաղակներ ու քայլեր սկսեցին հետապնդել նրան , դեմքեր էին նայում նրան գիշերը խավարի միջից ՝ այլակերպված դիմագծերով , հարազատներն էին հառնում հայացքի դեմ ՝ մահամերձության մեջ ու վրեժ աղերսում ․․․
Գիշերը սարսափ էր բերում նրան , իսկ լուսաբացը ՝ խորացող անհուսություն , քանզի նա վերստին ջախջախվում էր « Ինչպե ՞ ս ապրել այսուհետ մարդկանց մեջ » հարցադրումին բավելով ։ Նա չուներ և չէր կարողանում գտնել պատասխանը , բայց և ակնհայտ էր , որ միայնությունը իժ է դարձնում իրեն ։ Նա դա սարսափելիորեն չէր ուզում ու մի օր լքեց ննջարանը , որը երկու շաբաթ իրեն բանտ էր եղել , այդպես էլ չիմանալով ՝ ի ՞ նչ անել ։
Ոչ մեկին ոչինչ չասելով ՝ նա գաղտնաելքով միայնակ իջավ քաղաք ։ Ծանոթ որևէ մեկին պատահել չէր ուզում և Վուրկանալ հրապարակի մատույցներից մի նեղ փողոցով թեքվեց դեպի Տիբրոս ։
Ճանապարհը երկու կողմից եզերված էր երկհարկ տներով , որոնք բոլորը փողոցահայաց կրպակ կամ փոքրիկ խանութ ունեին , ուր աշխույժ առևտուր էր գնում ։ Բոկոտն մի աղջնակ սափորներ էր վաճառում ավանակին հարմարեցված տախտակների վրայից , երկու տղեկ վաճառքի բերված գառներ էին խուճապով հանում մայթի վրա , քանզի եզներ լծած մի բեռնասայլ էր գալիս դիմացից , ու սայլապանի խռպոտ կանչը խլանում էր սակարկումի աղմուկի , գնորդ հրավիրող մանչուկների բղավոցների մեջ ։
Կալիգուլան սակայն ոչինչ չէր տեսնում , նա ոչինչ չէր լսում ու չէր մտածում ոչնչի մասին . նրան թվում էր , թե շուրջբոլորն առնված է ամեն ինչ քողարկող , ամեն ձայն խլացնող անեզր ծովափրփուրի մեջ , թվում էր , թե ծովափրփուրն այդ թափանցել է նաև իր մեջ ու սառեցրել սիրտը ՝ կասեցնելով ամեն միտք ։ Նրան թվում էր ՝ ոչ թե ինքն է քայլում , այլ ծովափրփուրն է սահում դեպի ետ ։ Ինքն էլ չէր հասկանում , թե ինչու , բայց համատարած այդ ետընթացը նրան փոքրիշատե հանգստություն էր բերում ։
Նրան ճանաչեցին , ու լռությունն ամեն շշուկ ու շարժում խեղդող վիշապի նման նրա առջևից սողաց փողոցի երկարությամբ ։ Հռոմեացիները , արձանի պես համրացած , նրան նայում էին զարմանքից կլորացած աչքերով . ոչ մի կեսար երբևէ չէր անցել անշուք այս փողոցով , այն էլ ՝ առանց թիկնապահ ։ Բայց նրանց առավել շատ զարմացնում էր կեսարի անխնամ տեսքը , որպիսին տեսել էին նրան միմիայն Դրուսիլիայի կորստից հետո , երբ վերադառնում էր Սիրակուզայից ։
Կալիգուլան չէր զգում նաև հաստատված համրությունը , նա քայլում էր ու չէր զգում իր քայլելը , ասես գինովցած լիներ , իսկ բազմությունը , ուսերը թոթվելով , ապշանքով նայում էր նրա ետևից ։
Տիբրոսի ափին ինչ-որ մի բնազդ կամ թե պահապան ոգի նրան վերադարձրեց իրականություն , այլապես գահավիժելու էր ալեզուսպ պատնեշից ։
Ներքին մի ձայն նրան հուշեց , թե գետի հոսանքին հետևելը կօգնի իրեն խուսափել պալատում թողնված մտքերի հալածումից ։ Այդ հույսով նա նստեց կախովի տաղավարում ու բարձրից նայեց Տիբրոսի ջրերին ։ Նա այն զգացողությունն ուներ , թե դրանք իրենց հոսանքի հետ իրենից պոկված տառապանքի բեկորներ են տանում ։
Մանրաձկան որբ մի վտառ էր թափառում ափեզրով , արևն էր ջարդոտվում ալիքների մեջքին ՝ կուրացուցիչ ցոլքերով ողողելով եթերը ։ Թեթև հով էր գալիս Օստիայի կողմից ՝ ծովաղի բույրով հագեցած ։ Ճայեր էին թրատում երկինքը ուրախ կանչերով ։