ովքեր դիմում էին աստղերին , նրանց , ովքեր օձի նման թույն էին քամում ծաղիկներից և ջրի մեջ լուծված դիակի փոշի խմեցնում ։
Ամբողջ երեք օր նրանք անդադրում փորձում էին ետ կանչել պրեֆեկտի հոգին , և Կալիգուլան հոգնածություն ու ինքն իրեն մոռացած ՝ բժշկողների հետ լվանում էր Մակրոնի մարմինը հատուկ թուրմերով , արյուն թողնում նրա մեջքից և հոգեդարձի սպասումով անքուն գիշերներ լուսացնում նրա մահճի մոտ ։
Այս ողջ ընթացքում մտերիմ մարդու կյանքի հանդեպ ունեցած տագնապն ամբողջությամբ զբաղեցրել էր նրա միտքը , և նա ոչ մի անգամ չհիշեց անհասկանալի կերպով հայտնված մատնագրերի մասին , բայց երբ մահվան ուրվականը հեռացավ Մակրոնի մահճից և անէացավ պրեֆեկտին կորցնելու սարսափը , նրա հոգին հետզհետե պարուրեց այն նույն ժանտ թուխպը , որ իրեն ափերից հանել էր Բոնա Դեայի տոնի լուսաբացին ։ Նա չէր կարողանում գտնել պատասխան այն հարցին , թե ինչպե ՞ ս է այդուհետ ապրելու հռոմեացիների մեջ , ու քանի որ իմպերատորական պալատն անգամ լի էր իր հարազատների մահվան պատճառ հանդիսացած մատնիչներով , որոնց պատահել սոսկալիորեն չէր ուզում , փակվեց ննջարանում ։
Բայց մենակությունը փրկություն չէր կարող բերել նրան ամենևին ։ Ստեղծված կացության մեջ իրեն չէր օգնի ո ՛ չ խորհուրդը , ո ՛ չ արբեցումը , ո ՛ չ անգամ Դրուսիլիան , եթե հրաշքով կենդանանար ։ Անողոք իրականությունը նրան երկու ելք էր թողել , մեկը մյուսից անիրագործելի . նա կամ պիտի ձևացներ , թե ամենից տեղյակ չէ , որն անհնարին էր թեկուզ այն պատճառով , որ մատնիչները պատահելու էին իրեն ամեն քայլափոխի , կամ վրեժ էր լուծելու բոլորից , իսկ դա կնշանակեր մահվան ուղարկել գրեթե ողջ արիստոկրատիային ։
Եթե տանջալի միայնության առաջին օրերին նա դժվարությամբ , բայցևայնպես կարողանում էր խուսափել վրեժխնդրության մոլուցքին տրվելուց , ապա , շատ չանցած , այն սկսեց համակել իրեն աճող դյուրությամբ ։ Սկզբում նա կարծում էր , թե դա հետևանք է այլընտրանքի բացակայության , բայց հետո , հետևելով իր մտքերին և զգացողություններին , սարսափով հայտնաբերեց , որ կատարվում է շատ ավելի ահավոր մի բան . իր մեջ հառնում է Տիբերիոսի ստեղծած գազանը , իժը , Ֆաետոնը ։ Նա միշտ կարծել էր , թե Դրուսիլիայի օգնությամբ ու նաև տարիների ծանրությունից գազանն այդ մեռել է իր մեջ վերջնականապես , բայց , ահա , համոզվում էր տխրությամբ , որ սխալված է եղել . այն սոսկ քնած էր մարմնի հեռու մի անկյունում ու հոգեկան ցնցումից հառնում էր ժամ առ ժամ ՝ որպես Լաոոկոնին խժռած ծովային հրեշ ։ Նա պարզ զգում էր , թե ինչպես է այն զարկերակների միջով դուրս ելնում իր սրտից ու դողի տեսքով տարածվում մարմնի մեջ ։ Զգում էր , թե ինչպես է իր հոգին կերպափոխվում սոսկալի ճռինչով ։ Նա նայում էր հայելու մեջ և տեսնում , թե ինչպես են օրն օրի աղավաղվում իր դիմագծերը , նրա ռունգերն արյան հոտ էին որոնում , տանջանքի կանչեր էր տենչում լսել , իսկ աչքերի մեջ ցան էր ուրվագծվում կարմրաթել ։ Նա ափով տրորում էր դեմքը , հուսալով այդ կերպ վերադարձնել իրեն իր տեսքը ։ Նա մտաբերում էր իր պատանեկությունը և զարհուրում այն արարածից , որին կարող էր վերածվել ։
Նա կռվում էր ինքն իր դեմ , ծակծկում էր մատները , որպեսզի ցավը կաշկանդեր գազանին , արյուն էր թողնում դաստակներից , որպեսզի այն դուրս գար իր մարմնից ։ Ծնկի էր գալիս ռազմակառքին գրիֆոններ լծած Նեմեսիսի արձանի առջև և աղերսում հանել իր սրտի միջից վրեժի ահագնացող թույնը և դարձնել իրեն անզգա ՝ որպես ատլանտ ։ Ջահեր էր վառում ՝ մաքրելու համար օդն ուրվականներից , յուղ էր լցնում լուսակալների մեջ անդադրում ՝ բորբոքելու համար կրակը , աքիսի մոխրաջուր էր խմում , սխտոր էր դնում անկյուններում սենյակի և աղոթում ։ Ու աղերսում էր Դրուսիլիային ՝ գալ իրեն օգնության , որ լուսնի միջից նայում էր իրեն , գալարվելով անկողնում ՝ կանչում էր նրան անշոշափելի եթերից ՝ հանդարտություն բերելու իր հոգուն ։ Բայց ամենն