― Ինչու ՞ են նրանք վերագրում ինձ Օգոստոսի ,― չէ ՞ որ նա ՛ էր ամուսինների ներկայությամբ նրանց կանանց տանում իր ննջարանը ,― Տիբերիոսի ,― այդ նա ՛ է հանգստի կամ խնջույքի պահին տանջամահել մարդկանց ,― Հուլիոս Կեսարի ,― այդ նա ՛ էր ուզում հազար կին ունենալ ,― արատները ։
― Մոմոսի հնարքներն են , անշուշտ ,― արձագանքեց Մակրոնը , ցանկանալով հանդարտացնել նրան ։― Ոչ մի տիրակալ կամ թե նշանավոր այր չի խուսափել նման պատմություններից , և աստվածատուր բոլոր շնորհքներից զուրկ բազմությունը նախանձից ու չարամտությունից արատավորել է նրանց անունը ՝ նրանց իրենց աստիճանի իջեցնելու մարմաջով ։ Բամբասկոտ այդ բազմությունը Ալեքսանդրին քնեցնում էր իր մատռվակ Բագոասի հետ , Հուլիոս Կեսարին ՝ Մավրիտանիայի թագավոր Բուգոդի , Օգոստոսին ՝ նույն Կեսարի ․․․
― Սակայն նրանցից և ո ՛ չ մեկից բազմությունը հրեշ չձուլեց մեկ օրվա մեջ ,― առարկեց կեսարը բորբոքված , ապա հարցրեց ․― Իսկ դու գիտե ՞ ս , թե ինչու ՞ են նրանք այսօր ուզում արատավոր տեսնել ինձ , երբ աստվածացնում էին դեռ մեկ օր առաջ , ինչու ՞ են նրանք ինձ այդպես զազրելի և արնախում ներկայացնում ։
Մակրոնը չգիտեր ինչ պատասխանել ։ Կեսարը գինի լցրեց իրեն երկկանթ սափորից ։
― Մոմոսի հնարքնե ՜ րն են ,― կրկնեց նա Մակրոնի պարզաբանումը թույլ հեգնանքով ։― Ո ՛ չ , սա սովորական չարախնդություն չէ , Մակրո ՛ ն , և կամ ՝ նախանձ ։ Թող Զևսը լսի խոսքերս և այս պահին շանթահարի ինձ , եթե սխալվում եմ , բայց եթե հիմա կեղծամ դրած իջնես Քաղաք և փորձես նրանց հակառակն ասել ՝ կծաղրեն քեզ , քանզի նրանք բոլորն ուզում են , որ ես իրականում լինեմ այնպիսին , որպիսին իրենց հորինվածքներում եմ ։ Նրանք ուզում են , որ իրենց այս զառանցանքները ճշմարտություն լինեն ։ Նրանք դա տենչում են , և գիտե ՞ ս ինչու ․․․
Նա եկավ , խոնարհվեց պրեֆեկտի վրա և ասաց կարևոր գաղտնիք բացահայտողի խորհրդավորությամբ .
― Ինձ որպես հրեշ ներկայացնելը նրանց փրկությունն է , Մակրոն . դա միակ միջոցն է ՝ քողարկելու իրենց փոքրոգությունը ։ Չէ ՞ որ այդկերպ նրանք կարող են արդարանալ ամենուր , ասելով , թե անհնար է կռվել մի կեսարի դեմ , ով հրեշ է արնախում ու դև ։ Դա օգնում է նրանց ՝ տանելի դարձնել նվաստացումը , դա օգնում է նրանց ՝ ապրել , և նրանք էլի ՛ են հերյուրանքներ հորինելու ։
Կալիգուլան լռեց մի քանի վայրկյան , ապա , հեռանալով Մակրոնից , արտաբերեց դառնաձայն .
― Նրանք ամենուր ներկայացնում են ինձ որպես հրեշի ու չեն հասկանում հիմարաբար , որ այդ կերպ մի օր իրական հրեշ կդարձնեն ինձ ․․․
Այդ միջոցին Մակրոնը զգաց , թե ինչպես է մի ջերմություն տարածվում մարմնով , ապա ուժերը սկսեցին արագորեն լքել նրան , ինչպես ավազանն է դատարկվում փականը բացելիս , և բերկրալի մի ընդարմություն կլանեց նրան . նա չլսեց կեսարի վերջին բառերը ․․․
Գլուխ վեցերորդ
Իրարանցումի մեջ Մակրոնի կողերը ջարդվել էին ու ներքին արնահոսություն էր ունեցել ։ Նա անկարող էր որևէ շարժում անել , իսկ երեկոյան կորցրեց գիտակցությունը ։ Նրա կյանքի համար անհանգստացած ՝ Կալիգուլան կանչեց Հռոմի լավագույն բժշկողներին , նրանց , ովքեր վիրահատում էին , նրանց , ովքեր կրակի զորությամբ մարմնից վանում էին ոգիներին չար , նրանց ,