Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 30

Կեսարը կամեցավ ազատ արձակել ցենտուրիոնին , բայց ինչ-որ բան հիշելով ՝ հապճեպ շարժումներով նստեց բազմոցին ։
― Քերեա ՞, այդ դու ՞ ես ,― կանչեց նա ահեղաձայն , ու նրա աչքերում դաժան ատելություն ցոլաց ։
Քերեան , որ հեռանալու թույլտվության էր սպասում , ձգվեց ակամայից , թեև մինչ այդ էլ կանգնած էր զգաստ , բռունցքված ձեռքով հարվածեց զրահին ու շունչը պահեց , որպեսզի որևէ աննշան շարժում անգամ չխաթարի իր նվիրվածությունը կեսարին ։
― Մոտ արի ՛,― կարգադրեց Կալիգուլան խիստ տոնով ։
Ցենտուրիոնը վետերան ռազմիկի լայն ու հատու քայլվածքով եկավ դեպի կեսարն ու արձանացավ նրա առջև ։
Կալիգուլան ոտքի ելավ , և ցենտուրիոնը զայրույթի փոթորիկ տեսավ նրա աչքերում ու անխուսափելի աղետ կանխագուշակեց , բայց չհասցրեց կողմնորոշվել , թե հարվածը որտեղից է իջնելու իր վրա , քանզի այդ նույն պահին որպես որոտ նրա ունկերում պայթեց կեսարի ձայնը .
― Մի ՞ թե Ներոնն իսկապես վատաբանել էր Տիբերիոսին , Քերեա ՛։
Պրետորիանը վայրկենապես ծեփի գույն ստացավ , նրա խրոխտ կեցվածքը ճմռթվեց և մահվան սարսափն աչքերի մեջ ՝ քարացավ ։ Նա հաստատապես վստահ էր եղել , որ մատնագրերն այրված են , իսկ կենդանի վկա , որքան ինքը գիտեր , վաղուց չկա ։ Անիմաստ էր գուշակել , թե ինչպե ՞ ս է կեսարը տեղեկացել քսանամյա վաղեմության իրադարձություններին , քանի որ դա ոչինչ չէր փոխի ։ Բացի այդ , անակնկալությունից նրա միտքն արգելակվել էր , սիրտը սառել էր կարծես , և խեղճացած էր ու կորացած այնպես անօգնական , ասես ոչ թե կանգնած էր ոտքերի վրա , այլ պահվում էր աներևույթ ինչ-որ լարերի կամ թե պարանների միջոցով ։ Իսկ աչքերն անփայլ էին ու անկյանք , կարծես արդեն մորթել էին նրան ։
Կալիգուլան թողեց նրան շփոթության մեջ , մոտեցավ լուսամուտներին և նայելով դուրս ՝ երկինքն ամպերով ծրարված գտավ ։ Մակրոնը նրա դեմքը չէր տեսնում , բայց կռահեց , որ նա կռվում է ինքն իր դեմ ՝ զսպելու համար վրեժխնդրության տենչը ։
― Չէ ՛ ր վատաբանել , Քերեա . քո շփոթությունը դա է հաստատում ,― ասաց վերջապես կեսարը ՝ շրջվելով դեպի ցենտուրիոնը ։― Ես , իհարկե , հասկանում եմ , դու դա անել չես ցանկացել , քեզ ստիպել են , մահվամբ սպառնացել . Սեյանոսին ճանաչելու դժբախտությունը ես էլ եմ ունեցել ։
Քերեայի սարսափահար դեմքին թույլ կենդանություն նշմարվեց . նա գիտեր , որ քարկոծամահն է զրպարտչի պատիժն օրենքով ։
― Ուզու ՞ մ ես ապրել ,― հարցրեց կեսարը հատու ՝ մոտենալով ցենտուրիոնին և կանգնելով նրա դեմ ։
Քերեայի լեզուն կապ ընկավ հարցի անսպասելիությունից , բացեց բերանը , սակայն ոչինչ արտաբերել չկարողացավ , և աճապարեց վերուվարել գլուխը ՝ երկյուղելով , թե պատասխանի հապաղումը ճակատագրական կարող է լինել ։
― Ես քեզ կյանք կբաշխեմ , ― ասաց կեսարը ՝ անբացատրելի մի հայացքով նայելով Քերեային ,― բայց դու պիտի քավես մեղքերդ ։
Ցենտուրիոնը ծնկի եկավ նրա առջև ՝ պատրաստ նվաստանալու ։
― Ահա ՛ քո փրկությունը ,― գոչեց կեսարը զայրույթով և նրա դեմքին մոտեցնելով անպատկառ ձևով ծալված իր մատները ՝ կարգադրեց .― համբուրի ՛ ր ։