Նա շրջվեց բազմոցի վրա և գլուխն ափին հենած ՝ նայեց պրեֆեկտին ։
― Դու ասում ես ՝ երկյուղե ՞ լ են պատժից , այսինքն չե ՛ ն կամեցել վտանգել իրենց կյանքը ։ Բայց չէ ՞ որ ես էլ ի ՛ մ կյանքն էի վտանգում , Մակրոն , այն էլ ՝ առավել մեծ չափով ։ Ես կարող էի սպասել դարպասապահների մոտ և Քաղաք մտնել պրետորիանների կոհորտայի հետ , բայց չարեցի ։ Ու եթե հռոմեացիներից որևէ մեկը փորձեր բռնանալ կյանքիս վրա , կհաջողեր ու կսպաներ ինձ հաստատապես , քանի որ , ասացի , անզեն էի և ուժասպառ ՝ մահու չափ ։ Նա գուցե թե նաև կարողանար փրկվել , քանի որ մոտերքում վիգիլ չկար ։ Ասում ես ՝ երկյուղել են ։ Երկյուղել են ու ապրու ՛ մ են հիմա նվաստացումի մեջ , իրենց չե ՛ ն վտանգել հանուն արժանապատվության , մինչդեռ ես զրկել էի ինձ փրկության հույսից , թեև վտանգի գնալու որևէ վեհ նպատակ չկար իմ առջև այդ պահին ։
― Այդ դեպքում ի ՞ նչը ստիպեց քեզ հրաժարվել դարպասապահ զինվորների ծառայությունից ,― հարցրեց Մակրոնը ։
― Գուցե չհավատաս , բայց ես այդ Երազից հետո ստուգել էի ուզում ինձ , ցանկանում էի պարզել , թե ինչպե ՞ ս կպահեմ ինձ իրականության մեջ , երբ մահը մոտենա , կկարողանա ՞ մ Ալեքսանդրի թիկնապահների նման ինձ ամբողջությամբ տրամադրել մահին ։ Հռոմեացիները չսպառնացին ինձ ոչնչով , բայց Կապիտոլիումի ճանապարհին ինձ համար կարծես թե միևնույն էր ՝ ողջ կմնա ՞ մ , թե ՞ ոչ ։
Մորփեոսը նրա հոգնատանջ մարմինը հետզհետե առնում էր իր իշխանության տակ , նա դադար տվեց , ապա քունը դժվարությամբ հաղթահարելով ՝ շարունակեց կիսաձայն .
― Անփորձանք հասնելով ֆորում ՝ դառնանալով հասկացա , որ հռոմեացիները նվաստացումը գերադասում են արժանապատվությունից ։ Դա անչափ ծանր էր ինձ համար , Մակրոն , ու ես հուսադրում էի ինձ , թե հիմա , ֆորումում , նրանք կընդվզեն , կփակեն իմ ճամփան ։ Եվ դավադիր դեմքեր էի փնտրում տաբերնաների վարագույրների ետևում , տաճարների ծածկահարթակներում , բազիլիկի սյուների թիկունքում , Կրկեսի հրապարակում . ես այնպե ՜ ս էի ուզում սպանեին նրանք ինձ , Մակրոն , որպեսզի հռոմեական ժողովուրդը չմեռներ պատվազրկությունից ․․․ Ես խղճում եմ նրանց ․․․
Այս վերջին նախադասությունը Կալիգուլան արտաբերեց խոր կարեկցանքով , և Մակրոնը տառապանք տեսավ նրա աչքերում , որպիսին ունենում է արքան իր բանակի ծանր պարտությունից հետո ։
Այդ միջոցին սրահ մտավ պրետորիանների ցենտուրիոն Քերեան և դռների մեջ փետրազարդ սաղավարտը գլխից առնելով ՝ պատվի առավ ու զեկուցեց , թե կեսարի հրամանը կատարված է և դամբարան է դրված սենատոր Կասիոսի գերեզմանին ։
Կալիգուլան ցենտուրիոնին ունկնդրեց անհույզ , մինչդեռ տասն օր առաջ ինքն էր ցանկացել Անտիոքում ժանտախտից մեռած Կասիոսի դամբարանը կառուցել կեսարական տան միջոցներով ։ Եվ անտարբեր հայացքով չափելով իր առջև կանգնած ցենտուրիոնին , որ կտրտած եզրերով կաշվե զգեստ էր հագել զրահի տակից ու կնեմիդներ էին գրկում նրա պիրկ սրունքները , արտաբերեց քնատ .
― Երբեմն մարդիկ կենդանության օրոք մեզ այնքան հոգս չեն պատճառում , որքան ՝ մեռնելուց հետո ։
Քերեային անհասկանալի էր կեսարի վարքի փոփոխությունը և ակամա նայեց իր զորապետին , ասես Մակրոնի դեմքի արտահայտությունն օգնելու էր իրեն ՝ հասկանալու հանելուկը ։