Կալիգուլան կրկին ընդմիջեց , ասես սպասում էր Մակրոնի պատասխանին , ապա ձեռքերը հավաքելով գլխի տակ , ասաց .
― Ես Քաղաքի միջով անցա տասն ասպարեզ ՝ հետիոտն , թույլ ու անզեն , և ոչ ոք չըմբոստացավ , նույնիսկ նախատինքի անհամարձակ շշուկներ չհասան ինձ ։ Մինչդեռ արժանի էի դրան , Մակրո ՛ ն , քանզի վրեժ էի առել անմեղներից ։
Կալիգուլան հայացքը վար բերեց առաստաղից և նայեց պրեֆեկտին , կարծես կամենալով պարզել նրա արձագանքը ։
Մակրոնի համար նույնպես անսպասելի էր հռոմեացիների այդպիսի վարքը , և դեմքը կնճռոտած ՝ փորձում էր բացատրություն գտնել կատարվածին ։ Ու երկար մտածելուց հետո ասաց անհաստատ տոնով .
― Նրանք երկյուղել են հետագա պատժից , կեսա ՛ ր ։
― Պատժի ՞ ց ,― Կալիգուլան նստեց բազմոցին ՝ Մակրոնի դեմքը տեսնելու համար , ասես համոզվել էր ուզում , թե արդյո ՞ ք պրեֆեկտը դա լուրջ ասաց ։― Ես դա այնքան էլ լավ չեմ հասկանում , Մակրո ՛ ն ։ Իմ պրետորիաններն ընդամենը տաս կոհորտա են ՝ ինը հազար սուր , որից չորսն է Քաղաքում , իսկ իրենք միլիոն են ։ Թող այդ միլիոնից մեկին զոհաբերեին ՝ ինձանից ազատվելու համար ։ Իսկ հիմա ՞. այդ միլիոնը շարունակելու ՞ է ապրել նվաստացած , ձևացնելով , թե ոչինչ էլ չի ՞ պատահել ։
Նա տարակուսանքով ձեռքերը կողք տարածեց ու ավելացրեց . ― Բայց մի ՞ թե արժանապատվությունը բարձր չէ ապրելու տենչից , Մակրո ՛ ն ։
Մակրոնը մտորում էր կեսարի ասածների շուրջ , իսկ Կալիգուլան վերստին տարածվեց բազմոցին ու անորոշ հայացքով նայեց անսահման հեռուն ։
― Հիշու ՞ մ ես , Մակրոն ,― ասաց նա տևական լռությունից հետո ,― երբ մենք Կապրիում էինք , դու պատմում էիր ինձ Ալեքսանդրի պատանի թիկնապահների մասին , որոնք պատրաստ էին հանուն արքայի զրկվել կյանքից ցանկացած պահի ու ոչ մեկ անգամ այդպես վարվել են ՝ օտար դեսպանների առջև արքայի նշանով խողխողելով իրենց ՝ խորին ակնածանք հարուցելով դեսպանների մոտ մակեդոնական բանակի ոգու հզորության հանդեպ ։ Դա տասներկու տարի առաջ էր ։ Այդ պատմությունն ինձ հուզել էր անչափ , և այդ ժամանակից տղամարդու իմ իդեալը մակեդոնացի պատանիներն են , որոնց անունները չեն պահպանվել ։
Քեզ ոչինչ չեմ ասել , բայց ահա արդեն տասներկու տարի ձգտում եմ ինքս ինձ դարձնել այդպիսին և չերկնչել մահվան առջև , քանի որ , իմ համոզմամբ , միայն այդպես է վայել ապրել տղամարդուն ։ Կեսարը չպիտի աղերսի կյանքի համար , քանզի եթե այդպիսին չլինի ինքը , չի ունենա իրավունք դա պահանջել մյուսներից ։ Եվ , ահա , օրեր առաջ մի Երազ եկավ ինձ այցի . անկարող եմ ասել ՝ Բարի էր այն , թե Չար ։ Իբր մահվան էին դատապարտել ինձ ու պիտի նիզակահարեին ։ Ես խնդրեցի դահիճներին ՝ չկապկպել ինձ ու չփակել աչքերս , ասելով , թե առանց այդ միջոցների կընդունեմ մահը ։ Ու կանգնեցի նրանց դեմ ( իսկ դահիճները յոթ-ութ քայլի վրա էին ) և փորձեցի հանգստությամբ նայել նրանց մահալի նիզակներին , որ ուղղված էին դեպ ինձ ու հաջորդ ակնթարթին մխրճվելու էին կուրծքս ։ Բայց իմ մեջ ուժ չգտնվեց նայել մահվան աչքերի մեջ այդչափ մոտիկից ու ծնկներս ծալվեցին , ընկա գետին և թպրտում էի ավազուտներում օձի պատահած դաշտամկան նման ։ Ես փորձում էի ուժ գտնել իմ մեջ ՝ ողջ հասակով կանգնելու նիզակներին դեմ հանդիման , և ջանում էի ներշնչել ինձ , որ արժանապատիվ մահը վեր է կյանքից , բայց , միևնույն է , անիմանալի ինչ-որ էություն կաշկանդում էր ինձ ։