Մակրոնը ցանկացավ ելնել , բայց զարմանքով նկատեց , որ մարմինը համառում է ենթարկվել իրեն ։ Կալիգուլան ձեռքի մտերմիկ շարժումով նրան հասկացրեց , որ կարող է մնալ պառկած , ապա խոնարհվելով նրա վրա ՝ հարցրեց խորհրդանշանակ տոնով .
― Չե ՞ ս հարցնում , թե ու ՞ ր էի գիշերը ։
Մակրոնը պարզ տեսավ , որ կեսարի դեմքից չքացել է իմաստուն հանդարտության փայլը , և կապույտ աչքերում վրդովմունքի ու վրեժխնդրության համր արտահայտություն է սառել ։ Նա տառապած տեսք ուներ , սպիտակ երիզներով երկնագույն տունիկան խունացել էր արյան ու քրտինքի առատ բծերից , սիկիոնե կոշիկների երբեմնի կուրացուցիչ ճերմակությունից հետք անգամ չկար ։ Գերագույն քրմի փղոսկրե հմայիլը ՝ նրա անձեռնմխելիության և բոլոր ապրողաց հոգիների վրա իշխանության խորհրդանիշը , չարագուշակ փայլով պսպղում էր կրծքին , և գույների երանգներն անկանոն հաջորդում էին միմյանց ։
― Ես գնացի Մարսյան դաշտ ,― պատասխանեց կեսարն ինքն իր հարցին այնպիսի տոնով , կարծես թախանձանքով դիմել էին իրեն ,― փորեցի Սեյանոսի գերեզմանը , դուրս թափեցի նրա ոսկորները , կապեցի միմյանց տունիկայիս գոտիով և քարշ տվեցի Կարմենտական ճանապարհի սալաքարերի վրա , մինչև մաշվելով ՝ վերացան ։
Լսածից Մակրոնը ցնցվեց ու սառը դող համակեց նրան ՝ պատկերացնելով կեսարին Հռոմ եկող ճանապարհին միայնակ թափառելիս ։ Եվ նայում էր նրան կարեկցանքով ու անակնկալության զարմանքով ։ Իսկ Կալիգուլան հանդարտ տարածվեց վագրենիով պատված լայն բազմոցին և մտքերի մեջ ընկած ՝ լուռ նայեց առաստաղին , ուր որսի տեսարան էր պատկերված ։ Հետո կարծես հանկարծ հիշելով , որ սրահում ինքը մենակ չէ , ասաց , հայացքը առաստաղից չկտրելով .
― Ես Կապիտոլիում եկա մենակ ։ Դարպասապահ զինվորները կամեցան ուղեկցել ինձ , բայց մերժեցի նրանց ։ Ես մտա քաղաք ու գալով դեպի Տրիումֆի փողոց , սպասում էի , թե հռոմեացիք վրեժ կլուծեն ինձանից գիշերվա համար , գոնե կընդվզեն ինչ-որ կերպ , կդժգոհեն , կբողոքեն , բայց , տարօրինակ էր , ինձ տեսնելով ՝ նրանք ամայացնում էին փողոցները , խցկվում տներն ու նրբանցքները , ասես ժանտախտ էի բերում ես ինձ հետ , թաքցնում էին իրենց հայացքները , քանի դեռ ես չէի անցել իրենց մոտից ։ Նրանք նայում էին գոտուս , որ ինքնամոռաց քարշ էի տալիս իմ ետևից , որպես կախարդական մի իրի , և ասես հմայված լինեին աստվածային անիմանալի ինչ-որ զորությունից ։
Բոնա Դեայի տաճարի մոտ սրբազնագործության եկած հավատացյալների պատահեցի , հարյուրավոր քվիրիտների ՝ Հուլիոսի բազիլիկում , նաև սենատորների , որ սյունաշարերի մոտ խմբված ՝ զրուցում էին . երեկվա իմ վարքն էին քննում անշուշտ ։ Ես ուզում էի , որ նրանք կտրեն իմ ճամփան և բացատրություն պահանջեն , ինչպես վայել է արժանապատիվ քվիրիտներին , բայց իմ հայտնվելուն պես ամենքն այնպես արձանացան , ասես ձեռքիս բռնած ունեի Գորգոյի գլուխն օձավարս ։
Կալիգուլան դադար տվեց , ասես ժամանակ էր տալիս Մակրոնին ՝ ամբողջությամբ պատկերացնելու իրեն պատահածը ։ Իսկ պրեֆեկտը լսում էր նրան ահագնացող սարսուռով ։
― Ես օրորվում էի անքնությունից և ապրումների տառապանքից ,― շարունակեց կեսարը ՝ դիրքը չփոխելով ,― և ոտքերս հազիվ քարշ տալով ՝ անցա նրանց միջով գլխահակ ու հետևում էի նրանց շարժումներին աչքերի եզրերով , սակայն այդպես էլ ոչ մեկը չմոտեցավ ինձ ։ Եթե հասարակ մարդկանց գուցե թե զսպում էր պատկառանքն իմ դիրքի հանդեպ , հապա սենատորնե ՞ րը ․․․ չէ ՞ որ կուրիայում նրանք շատ են վիճաբանել ինձ հետ ։