Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 26

Գլուխ հինգերորդ
Աջ կողմում , նոճիներով ու պինիաներով եզերված բացատում , ուր քարե բոլորաձև նստարաններ էին , գետնին տարածված տղամարդու մարմին նշմարվեց ։
Մակրոնը մոտ վազեց տագնապով և զգուշավորությամբ , ու նրա սիրտը ճմլվեց սարսուռից . կեսարի նույն սիկիոնե կոշիկները , երկնագույն տունիկան , կարճ կտրած մազերով կլորավուն գլուխը ։
Միջատներ վազեցին նրա թիկունքով ։ ― Կեսա ՞ ր ,― շշնջաց պրեֆեկտն այլայլված ու ջահը պահեց տղամարդու վրա ։
Արձագանք չեղավ ։ Մակրոնը ծնկի եկավ ու հուզմունքից դողալով ՝ շրջեց տղամարդուն մեջքի վրա ։
Նրա դեմքն անճանաչելի էր դարձել քունքի պատռվածքից հորդացած արյան պատճառով , որից կարմիր էր ներկվել նաև զգեստը ։ Մակրոնը հագուստի թևքով զգուշորեն մաքրեց լերդանալ սկսած արյունը ։ Տղամարդը շնչում էր ծանր , ու մինչ Մակրոնը մաքրում էր նրա դեմքը , բացեց աչքերը և մարող հայացքով եթերի մեջ նայելով ՝ շշնջաց .
― Բայց ինչու ՞ եղավ այսպես ․․․
Մակրոնը , որ այդ միջոցին նրա հագուստին քվեստորական տարբերանշան էր նկատել , ոչինչ չկարողացավ պատասխանել ։ Նա փորձեց բարձրացնել քվեստորին , բայց սա շուրթերն անուժ ու համրորեն կծկեց ցավից ։ Այդ պահին միայն Մակրոնը նկատեց , որ նրա ոտքը կոտրված է սրունքից ։ Արագ շարժումներով նոճու մի ճյուղ կտրեց , ափերով շոշափելով վերքը ՝ հագուստի կտորտանքներով կապեց այն սրունքին երկու տեղից ։ Հետո , դուրս գալով պուրակից , Կրկեսի հրապարակում խմբված վիգիլներին կարգադրեց բժշկողի մոտ տանել քվեստորին ։
Այստեղ նա զգաց , որ հետզհետե խորացող թուլություն է համակում իրեն , որից երերում էր թունդ գինովցածի նման ։ Բայց հպարտությունը թույլ չտվեց պրետորիան կամ թե վիգիլ ուղեկից հայցել , և ողջ ուժերը լարելով ՝ քայլեց դեպի Կապիտոլիում ՝ ինքն իրեն հուսադրելով , թե գուցե կեսարը մեկ այլ ճանապարհով վերադարձել է պալատ ։
Երբ հասավ Ժեմոնիների ստորոտին , թուլությունը կլանեց նրա ողջ մարմինը ։ Բազրիքին հենվելով ՝ բարձրացավ մի քանի աստիճան ։ Նրան թվաց , թե աշխարհը պտտվում է իր շուրջը , իսկ Ժեմոնիներն օրորվում էին , ինչպես դրոշը ՝ քամուց , երկինքը ճնշում էր նրան , ինչպես Երկիրը ՝ Ատլանտին , և նա կորացավ ահռելի այդ ծանրությունից ։ Զգաց , թե մարմինն ինչպես է ջերմանում , ասես Հեփեստոսը քուրա էր վառել իր ներսում ։ Հետո սառցանման մի ցրտություն սկսեց բարձրանալ ոտքերով վեր ՝ դեպի սիրտ ։ Օգնություն աղերսող հայացքով նա շուրջը նայեց , բայց խաչերից կախված դիակներից զատ ոչինչ չտեսավ ։ Ընկնելով բազրիքի վրա և թևով գրկելով այն , նա վեր ելավ կրիայի արագությամբ ։
Պալատի բակում անհանգիստ ետևառաջող Նուրծ Րաին տեսնելով ՝ նա հասկացավ , որ կեսարը չի վերադարձել ։
Նուրծ Րաի օգնությամբ նա հասավ իր հարկաբաժին և առանց հանվելու ՝ տապալվեց մահճակալին ։ Թե որքան քնեց ՝ պատկերացում չուներ , արթնացավ ոչմենակության զգացողությունից . կեսարն անխոս կանգնած էր նրա գլխավերևում ՝ գունատ , հագուստն ամբողջովին կորած փոշու մեջ ։
Գլուխ հինգերորդ