Երբ ամենը խաղաղվեց , Մակրոնը գլուխը բարձրացրեց ու նոսրացած հրապարակում գետնատարած հարյուրավոր մարմիններ նշմարեց , ոմանք պառկած էին անշարժ , մյուսները մղկտում էին և տրորում վերքերը ։ Կանայք ձայնում էին իրենց ամուսիններին ։ Մի քանիսը շաղ եկած դրամ էին հավաքում ։
Մակրոնը դժվարությամբ ոտքի ելավ և գետնից մի ջահ վերցնելով ՝ լուսավորեց շուրջը ։ Երերալով քայլելով ՝ զննեց վիրավորներին ։ Կեսարին չգտավ նրանց մեջ ։ Մեջքի շրջանում սուր ցավ զգաց և կամեցավ դառնալ պալատ , բայց կեսարի համար անհանգստությունը նրան տարավ դեպի Տիբրոս ։ Գնաց մինչև գետափ , ճանապարհին զննելով պատահող բոլոր մարդկանց ։ Այստեղ նա մոլորվեց ՝ չիմանալով բարձրանա ՞ լ դեպի Պոմպեոսի թատրոն , թե ՞ իջնել գետի հոսանքով ։ Ավենտինից նրան անկանոն ձայներ հասան , և գնաց այդ ուղղությամբ ։
Տիբրոսի չորրորդ շղթայակամուրջի մոտ սմբակների անհանգիստ ոտնաձայն հասավ նրան , մի քանի կրակներ սահեցին նավահանգստի ջրի վրայով , ապա ջահի լույսը խավարից խլեց երկու զինվորների հետ եկող մի ցենտուրիոնի ։
― Որտե ՞ ղ է կեսարը ,― հարցրեց Մակրոնը տագնապած ։
― Նա ոչ մի տեղ չկա , պրեֆե ՛ կտ ,― պատասխանեց ցենտուրիոնը մոլորված ,― անհետացավ այնպես հանկարծակի , ասես գետնի տակն անցավ ։
Նրա ձին անհանգիստ դոփում էր տեղում ։
Մակրոնը հուսահատ նայեց խավարի մեջ , մի պահ չգիտեր ինչ անել , ապա ցենտուրիոնին կարգադրեց գնալ Տուլլիոսի պարսպի ուղղությամբ , որտեղ ջահերի անկանոն շարժում նկատվեց , իսկ նրա ուղեկիցներից պահանջեց որոնել մյուս ցենտուրիոններին և նրանց հայտնել իր հրամանը ՝ բաժանել քաղաքը չորս մասերի և ստուգել բոլոր փողոցները , պուրակներն ու այգիները , ինչպես արվել էր Դրուսիլիայի մահվանը հաջորդած օրերին ։
Երբ զինվորները հեռացան սրարշավ , Մակրոնը ետ դարձավ եկած ճանապարհով ՝ նպատակ ունենալով ստուգել Կրկեսի մերձակայքը ։
Այս անգամ նա տնտղեց նաև նրբանցքները ։ Անհեծյալ նժույգներ էին պատահում նրան , որ ջահի լույսից տագնապած ՝ քառատրոփ անէանում էին խավարի մեջ ՝ ձիգ վրնջոցով մատնելով իրենց ուղին ։ Տների դարպասների մոտ թաքնված հռոմեացիներ էր նա հայտնաբերում , ովքեր նրան ճանաչելով ՝ կծկվում էին սարսափահար ։
Թափառական շներ էին ոռնում այս ու այնտեղ ահաբեկ ։
Կեսարին ոչ մի տեղ չգտնելով ՝ Մակրոնը որոշեց փնտրել նրան Տրիումֆի փողոցի պուրակում , որը հետզհետե նեղանալով ՝ գետեզրի մոտերքից ձգվում էր մինչև Կրկեսի հրապարակ ։
Ծառուղիների մարմարախիճը սարսափազդու ղրճղրճում էր նրա ոտքերի տակ , ամեն թփի ետևում նրան թաքնված տղամարդ էր երևում ։ Լուսակալի շիկավուն բոցը փռփռալով տարուբերվում էր գիշերասյուքից , և նա պատսպարում էր այն իր մարմնով ։ Օրորվող արմավենիներն ասես խափշիկ բազմաձեռ պարուհիներ լինեին . քառուղիների բարձր ծաղկամանները , որոնց մեջ նարգիզներ էին փթթում , կտրված գլուխներ էին թվում , մրտենիների խուզված թփերը շուռ տված կարասներ լինեին ասես , ջահի լույսից կաթնագունած ալեբաստրե պորտիկի արձանները տագնապած հետևում էին նրան պատվանդանների վրայից ։
Հագուստի կտորտանք , պատռված փոկերով սանդալներ , արծաթե հերակալներ ու սաղավարտներ էին շաղ եկած գետնին ։