լսելով ՝ հետաքրքրասիրությունից դրդված , շտապել էր հասնել Կրկես ու շեղվելով Տրիումֆի փողոցից ՝ հեղեղել էր մյուս բոլոր ուղիները ։
Անհուսություն տիրեց նրանց ։ Մի քանիսը փորձեցին բաղեղներից կառչելով ՝ ելնել սյուների վրա , կանայք վայնասուն բարձրացրին ։ Այս ու այնտեղ պրետորիանների դեմ կռվողներ էին երևում , այրում էին նրանց ջահի բոցով , սալաքարեր էին քանդում հանում փողոցներից ու նետում նրանց վրա , ջանում էին խլել ճիպոտներն ու մտրակները նրանց ձեռքից , իրենց մարմնով ծածկում էին կանանց , բայց անկարող էին դիմագրավել կուռ շարքերով առաջացող վահանակիր զինվորներին , որոնք ամեն րոպե համալրում էին ստանում քաղաքային զորանոցներից ։ Իսկ հեծելազորը կոխկրտում էր նրանց ։
Դիմադրելը հետզհետե դառնում էր անիմաստ . տղամարդիկ լալիս էին անզորությունից , ոմանք , ցանկանալով խուսափել մտրակների հարվածներից , թիկունքը պրետորիաններին դարձրած , ճանկռտում էին փախուստի ճամփան փակողներին , ելնում նրանց վրա ու սողում սեղմումից գերխիտ բազմության վրայով ։ Շատերը մտրակածեծ ընկնում էին գետին , դարսդարսվում միմյանց վրա , և պրետորիանները քայլում էին նրանց մարմիններից գոյացած բուրգերի վրայով ։ Բազմության աղեկտուր աղաղակի միջից լսվում էր Կալիգուլայի զրնգուն ձայնը .
― Ճիվաղնե ՛ ր , Եքիդնայի վիժվածքնե ՛ ր , Սեյանոսի քսու արբանյակնե ՛ ր , այդ դուք չէի ՞ ք դեկրետով փառաբանում Տիբերիոսի գթասրտությունը , որ նա չհրամայեց մորս քարշ տալ Ժեմոնիներով և Տիբրոս նետել ։ Դուք չէի ՞ ք առաջարկել նրան մորս ծննդյան օրը համարել չարաբաստիկ ։ Դուք չէի ՞ ք մատնագրեր սարքում եղբայրներիս դեմ , դուք չէի ՞ ք նրանց հրահրում դժգոհել Տիբերիոսից , ապա նրանց խոսքը հասցնում կեսարին , դուք չէի ՞ ք արյունապիղծ կանչում Դրուսիլիայի ետևից և փակում բոլոր դռները նրա առջև ։ Եկել է հատուցման ահեղ ժամը , դե ՝ ստացե ՛ ք ձեր պատիժը ։
Մակրոնը , որ խառնաշփոթի մեջ կեսարին կորցրել էր տեսադաշտից , երկու թիկնապահի օգնությամբ ճեղքելով բազմությունը ՝ մղվեց ձայնի ուղղությամբ ։
Կեսարը բավականին խորացել էր բազմության մեջ ։
― Հեռու ՛ քաշվեք ,― հոխորտում էր Մակրոնը , հրում , բռունցքներով հարվածում իրեն կաշկանդողներին , սայթաքում գետնատարած մարմինների վրա ։
Նրան սեղմում էին բոլոր կողմերից , նա առանց ասպարի էր , և բազմությանը միախառնված զինվորների մետաղե զրահները ջարդում էին նրա կողերը , մտրակների անկանոն հարվածներ էին բաժին ընկնում նրան ։ Քարեր էին թռչում նրա գլխավերևով ։ Ձիեր էին ծառս լինում ջահերից այրված ռունգերով ՝ սպառնալով շուռ գալ նրա վրա ։
Կեսարի ձայնը Մակրոնը լսում էր արդեն մոտիկից , ու ոտքերի վրա ձգվելով ՝ տեսավ , թե ինչպես է նա երեք թե չորս պրետորիանների հետ մտրակում բազմությանը ։
Նրան թիկնապահների հետ տեսնելով ՝ Մակրոնը թեթևացած շունչ քաշեց ։
Շրջապատման վտանգ զգացած պինցիացիները այդ նույն պահին արագ ետ քաշվեցին իրենց եկած ճանապարհներով ու գլխապատառ վազելով ՝ տարրալուծվեցին քաղաքում ։ Կրկեսի մոտ մտրակահարվող բազմության առջև փախուստի ուղի բացվեց , և ամբարտակ խորտակած հեղեղի պես այն ակնթաթորեն հորդաց դեպի Տիբրոս ՝ իր հետ քշելտանելով նաև պրետորիաններին ։
Հանկարծահաս և ուժգին հրմշտոցից Մակրոնն իր շուրջը գտնվողների հետ գետին տապալվեց , հետո մի քանի րոպե մարդիկ ու ձիեր էին անցնում նրա վրայով ։ Նա հազիվ հասցրեց գլուխը պաշտպանել ձեռքերով և ինչ-որ հրաման էր բղավում , բայց նրա ձայնն անլսելի էր աղմուկի մեջ ։