Նրբանցքն անկարող էր բոլորին թողնել իր միջով , և Մակրոնն արագ վազքով երեք մանիպուլ տարավ շրջանցիկ ճանապարհով ՝ կարգադրելով ընթացքում ուղղել զրահն ու զենքերը , որ հախուռնվել էին Ժեմոնիներով իջնելիս ։
Դուրս գալով նրբանցքից ՝ Կալիգուլան բազմությանը պատահեց Կրկեսի մատույցներում ։ Նրանց զվարթ տեսքն ավելի գրգռեց նրան ու հանկարծ մռնչաց ինչպես վիրավոր գազան , դեմքը ծամածռվեց այլայլումից , շանթեր ելան աչքերից ու պարանոցի երակները պրկվեցին սև օձերի պես ։ Հաջորդ ակնթարթին նա մղվեց դեպի բազմությունն այնպիսի թափով , ասես իր մարմնով պիտի ջախջախեր նրանց ՝ որպես ամեհի մի բաբան ։ Նա մխրճվեց մարդկային խիտ շարքերի մեջ ու սկսեց անխնա հարվածել նրանց և այրել կրակով ։
Հռոմեացիները սկզբում դա ընկալեցին որպես կատակ , կարծելով , թե կեսարական զգեստների մեջ ծպտված մի դերասան անակնկալ է հրամցնում իրենց Բոնա Դեայի տոնի առթիվ ։ Եվ ողջույնի ու քաջալերանքի ուրախ կանչեր լսվեցին բազմության միջից , բոլոր կողմերից հետաքրքրասերների խմբեր մղվեցին դեպի վաղորդյան զավեշտը ։ Բայց երբ ճանաչեցին կեսարին ու հարյուրավոր ջահերի ներքո տեսան նրա դեմքը , որ նման էր թատրոնի ողբերգակ դիմակի , փշաքաղվեցին ։
Նրանց անհասկանալի էր կեսարի վարքը , ու ետ էին քաշվում , միմյանց հրմշտելով սեղմվում նրա առջև սպունգի պես , ջանում խուսափել հարվածներից ՝ փորձ չանելով պաշտպանվել , քանզի նա պոնտիֆեկ էր ու անձեռնմխելի ՝ սրբազան կուռքերի նման ։
Պրետորիաններ հասան հրապարակ ու նրա կյանքի համար անհանգստացած ՝ ահեղ գոչյունով նետվեցին բազմության վրա , այդպես էլ չհասկանալով , թե նրանց ո ՞ ր մեղքի համար է պատիժը ։
Այդ նույն միջոցին Հին Տիբուրտական դարպասի մոտի զորանոցից սոսկալի դղիրդով եկավ քաղաքային գվարդիայի հեծելազորը , որը պալատի առջև օրորվող ջահերի ծովը տագնապի նշան էր ընկալել ։
― Ծեծե ՛ ք սրանց ՝ թատրոնի այս գժերին ,― հեծյալ պրետորիանների փայլփլող սաղավարտները նկատելով ՝ կանչեց կեսարը ոգևորված ։― Քշե ՛ ք սրանց , ծեծե ՛ ք , թող կորչե ՛ ն այստեղից ։
Եվ Մակրոնը հեծելազորը մարտաշարքերով տարավ բազմության վրա , հետևակ ջոկատներն առաջացան թևերից ։
Մտրակներ շառաչեցին օդում , ճիպոտներ ու մահակներ իջան անպաշտպան մարդկանց վրա ։ Գիշերը բռնվեց լացով , ճիչերով , օգնության կանչերով ։ Հռոմեացիները նետվեցին դեպի Կրկես ՝ խառնաշփոթի մեջ տրորելով կանանց ու տարեցներին , որոնց հետո կոխրճում էին ձիերը ։ Փրկության մի հույս էր վառվում բոլորի սրտերում , և խուճապահար ներս էին խցկվում Կրկեսի դռներից ՝ պատսպարվելու համար այնտեղ ։ Բայց քչերին բախտը ժպտաց , քանի որ ահագնացող հորձանքը վայրկյաններ անց խցանեց մուտքը այնպես , որ որևէ մեկն անկարող էր այլևս փրկվել ։ Իսկ պրետորիանները վարժ ու անխնա ծեծում էին նրանց , երկարոտն նժույգները ճեղքում էին նրանց շարքերը , ինչպես նավն է անցնում ջրի միջով ։ Հեծյալ ջոկատները , որ տարածվելու տեղ չունենալով ՝ կաշկանդում էին միմյանց , ցրվեցին հրապարակով մեկ ։
Բոլոր կողմերից շրջապատվելու վտանգը սարսափեցրեց հռոմեացիներին , և նրանք մտրակներից թիկնոցով պաշտպանվելով ՝ Կրկեսի կոր պատերի տակով մղվեցին դեպի հրապարակ մտնող նրբանցքները , հուսալով դրանցով հասնել Պանթեոն կամ Իսիսի և Սարապիսի տաճար , որտեղից կարելի կլիներ արդեն փախչել Մարսյան դաշտ և թաքնվել թավուտներում ։ Բայց այդտեղ ևս նրանց փորձություն էր սպասվում . Պինցիայից հանդիսության եկող բազմությունն աղմուկի ձայն