Անձրև մաղեց այդ միջոցին , երբեմն հեռու-հեռվում կայծակն էր թրատում մռայլ երկնակամարը , և իմպերատորական պարտեզի թաց ու ողորկ արձանները պսպղում էին նոճիների սաղարթների մեջ խճճված ցոլքերից ։
― Մեր մայր Ագրիպինան իրեն սովի մատնեց , բայց Սեյանոսն ուժով նրա բերանը կերակուր էր լցնում ու ծեծում ։ Նա մեռավ քաղցից ու վերքերից , ու որպեսզի մենք չմխիթարվեինք գոնե նրա շիրիմին այցելելով ՝ թաղեցին նրան հեռավոր Պանդատերա կղզում ։
Ատելության բռնկումից նրա ատամներն իրար զարնվեցին , և նա առժամանակ անկարող էր խոսել ։
― Այսպես մենք որբացանք , Դրուսիլիա ։ Մեր ավագ եղբայր Ներոնը , որ նոր էր տասնվեցը բոլորել , փոխարինում էր մեր ծնողներին ՝ որքան կարող էր , բայց Սեյանոսի դրդմամբ Տիբերիոսը և ՛ նրան , և ՛ մեր մյուս եղբայր Դրուսոսին հայրենիքի թշնամի ճանաչեց ու բանտարկեց ։ Օ ՜, Դրուսիլիա , դրանից հետո եղավ սարսափելին . Տիբերիոսն ինձ , տասնամյա տղեկիս , պարտադրում էր ներկա լինել խոշտանգումներին ու մահապատիժներին , որ նրա համար կազմակերպում էին ամեն օր ։ Ես անկարող էի տանել զարհուրելի այդ տեսարանների սարսափը , ունկերս խլանում էին մեռնողների սրտակեղեք կանչերից ,― սոսկալի ՜ էր ,― մեռնողների արյունը ցայտում էր դեմքիս , քանի որ Տիբերիոսն ինձ դիտավորյալ մոտ էր կանգնեցնում ։ Ես բղավում էի ամբողջ ուժով , Դրուսիլիա , փորձում էի փախչել , բայց նրանք բռնում էին ինձ , ես իմ թույլ ձեռքերով ծածկում էի դեմքս , բայց Սեյանոսի կարգադրությամբ պրետորիանները բացում էին աչքերս ։ Ես թպրտում էի սարսափից ու ջղաձգվում , իսկ Տիբերիոսը քահ-քահ ծիծաղում էր ու կանչում սրահով մեկ , թե ի դեմս ինձ ՝ իժ է սնուցանում հռոմեական ժողովրդի և Ֆաետոն ՝ ողջ աշխարհի համար ։
Սեյանոսի հրամանով իմ անկողնում , զգեստապահարանում , լոգարանում , ուր հնարավոր էր , մարդկային արնածոր վերջույթներ էին քողարկում , և ես ամեն վայրկյան սարսափի մեջ էի ։ Իմ լվացարանում ջրի փոխարեն արյուն էին լցնում , լուսամուտներին ահասարսուռ դիմակ փակցնում ։ Չկար մեկը , ում բողոքեի կամ օգնություն խնդրեի , և մահն ինձ համար բաղձալի փրկություն էր , բայց նրանք սպառնացել էին , թե կսպանեն քեզ , եթե վերջ տամ կյանքիս ։ Ու ապրում էի միայն հանուն քեզ ։
Մեր դժբախտ եղբայր Դրուսոսին , ում սովի էին մատնել , քաղցն այնպես էր տանջել , որ նա ներքնակի միջի ծղոտն էր կրծել-կերել ։ Երբ նա մեռնում էր , Սեյանոսն ինձ քարշ տվեց նրա խուցը , ու ես սրտակեղեք լալիս էի , Դրուսիլիա ։ Դու հիշու ՞ մ ես Դրուսոսին , քույր իմ . նա այնքան սիրունատես էր , որ Լիվիան Վեներայի տաճարին էր ընծայել նրա պատկերը Կուպիդոնի տեսքով , իսկ մյուսն իր ննջարանում էր դրել Օգոստոսը և ներս մտնելիս ամեն անգամ համբուրում էր այն ։ Մինչդեռ այն , ինչ ես տեսա խցում , սահմռկեցուցիչ էր . ես քեզ երբեք չեմ պատմել այդ մասին ՝ խղճալով քեզ , ու հիմա էլ չեմ ուզում պատմել , որպեսզի չմթագնեմ դեպի աստվածներ տանող քո ուղին ։
Նա ետ տարավ Դրուսիլիայի դեմքը ծածկող մազափունջը , փաղաքշեց նրա դեմքը , ճակատի փղոսկրե սպիտակությունը , նուրբ պարանոցը , ուսերի աստվածային կորությունը և գլուխը նրա գլխին հպած ՝ օրորեց քնքշորեն ։ Արտասուքի խոշոր կաթիլներ էին գլորվում նրա աչքերից ՝ արծաթյա գնդիկների նման ։
― Այսպես Դրուսոսը մեռավ քաղցից , իսկ Ներոնը ստիպված էր վերջ տալ կյանքին , երբ սենատի կամքով նրա մոտ հայտնվեց դահիճը ՝ օղակով ու կախելու կեռերով ․․․
Գիշերները ես չէի կարողանում քնել , Դրուսիլիա , քանի որ խավարի միջից ինձ այցի էին գալիս խոշտանգվածները ՝ պատա-ռոտված մարմիններով ու արնաշաղախ , և ունկերիս մեջ անվերջ նրանց հեծեծանքն էր հնչում ։ Ես նաև եղբայրներիս տառապանքն էի լսում , Դրուսիլիա . երբ