Նա ափով սրբեց դեմքն ողողած արցունքները ։ Նրա հոգին փոթորկվում էր քսան տարվա վաղեմության հուշերից ։
― Ի ՜ նչ հայր ունեինք մենք , Դրուսիլիա , ի ՜ նչ հայր ։ Ամենքը խոսում էին նրա արժանիքներից . նա գեղեցիկ էր ու քաջ , բարի էր անօրինակ , գիտեր ժողովրդի համակրանքը շահել և նրա սիրուն արժանանալ ։ Հիշու ՞ մ ես , նա հունական կատակերգություններ էր գրել , որոնք մենք արտասանում էինք Ներոնի և Դրուսոսի հետ ։ Նա մեծ փառք ուներ , բայց իրեն պահում էր որպես հասարակ քաղաքացի և շրջում էր առանց լիկտորների ։ Նրան ամենքն էին սիրում , ու երբ նա որևէ տեղ էր ժամանում կամ մեկնում , դիմավորողների կամ ճանապարհողների շատությունից նրա կյանքը վտանգի տակ էր դրվում երբեմն ։ Հիշու ՞ մ ես , երբ նա վերադարձավ Գերմանիայից , նրան դիմավորելու ելան պրետորիանների բոլոր կոհորտաները , թեև երկուսին էր հրամայված , իսկ հռոմեացի ժողովուրդը քսան մղոնի վրա դուրս էր թափվել դիմավորելու նրան ։ Այն ժամանակ ասում էին , թե Օգոստոսը երկար ժամանակ տատանվել էր ՝ չնշանակե ՞ լ արդյոք նրան իր ժառանգորդ , հետո Տիբերիոսին կարգադրեց որդեգրել նրան , որտեղից էլ սկսվեց մեր տան դժբախտությունը ։
Նա դառնորեն գլուխն օրորեց , ու դեմքը կնճռոտվեց ջղաձգումից ։ Եվ կուլ տալով արցունքները ՝ անորոշ հայացքով նայեց դեպի խավարի խորքերը ։
― Նա միակն էր հռոմեացիներից , ում արժանիքներով հավասարեցնում էին Ալեքսանդրին , և նրա չափ էլ ապրեց ՝ մեռնելով նույն կերպ ՝ թույնից ։ Այն օրը , երբ նա մեռավ , Անտիոքի բնակիչները նրա կյանքն ավարտելու համար աստվածների վրա զայրացած ՝ քարկոծեցին տաճարները , շրջեցին բագինները , ոմանք փողոց շպրտեցին տնային իրերը , ոմանք ծածուկ նետեցին-լքեցին նորածին մանուկներին ՝ որպես դժբախտ օր ծնվածների ։ Նույնիսկ բարբարոսները , որ պատերազմում էին միմյանց կամ մեր դեմ , դադարեցրին կռիվները , ասես միավորված ընդհանուր և բոլորի սրտին մոտ վշտով . որոշ իշխաններ սափրեցին իրենց կանանց գլուխները ՝ որպես մեծագույն վշտի նշան , արքայից արքան հրաժարվեց իր մեծամեծների հետ որսորդությունից ու խնջույքներից ։ Իսկ Հռոմում ժողովուրդը , ընկճված ու վշտաբեկ նրա հիվանդության մասին լուրից , սպասում ու սպասում էր նոր սուրհանդակների , և երբ մի երեկո լուր տարածվեց , թե նա նորից առողջ է , մարդիկ բազմությամբ , ջահերով ու զոհակենդանիներով նետվեցին Կապիտոլիում և քիչ էր մնում խորտակեին տաճարի դռները ՝ ծարավի կատարելու իրենց ուխտը ։ Ասում էին , թե Տիբերիոսն ինքը կեսգիշերին արթնացել է ցնծագին երգերից , որ լսվում էր ամեն կողմից . « Ո ՛ ղջ է , առո ՛ ղջ է Գերմանիկոսը . փրկված է Հռոմը և աշխարհն է փրկված »։ Իսկ երբ , վերջապես , հայտնի դարձավ , որ նա այլևս չկա , ոչ մի հորդորանք , ոչ մի հրամանագիր չէր կարող մեղմել ժողովրդի վիշտը , և նրա համար շարունակում էին ողբալ նույնիսկ սատուրնալիայի տոներին ։ Եվ ամենքն ասում էին , թե բարձրացել է նա վեր ու դարձել աստղ ՝ Հուլիոս Կեսարի նման ։
Նրա կոկորդը սեղմվեց հոր մահը վերապրելու տառապանքից , ու ակամա նայեց երկինք , ասես հարազատ աստղն էր որոնում այնտեղ ։ Ապա պինդ սեղմելով Դրուսիլիային գրկի մեջ , որպեսզի նա չսահմռկեր հետագա իր խոսքերից , շարունակեց ՝ արտասվելով .
― Նրա մահից հետո մեր մայր Ագրիպինան , ում երակներով Օգոստոսի արյունն էր հորդում , բացատրություն էր պահանջում Տիբերիոսից , և արյունով շաղախված այդ հրեշի կարգադրությամբ պրետորիանների պրեֆեկտ Սեյանոսն այնպես հարվածեց նրան , որ աչքերից մեկը դուրս թռավ խոռոչից ։ Օ ՜, սարսափելի էր , Դրուսիլիա ,― նա մի պահ գլուխը թաքցրեց քրոջ վարսերի մեջ , ասես նույն պատկերը հայտնվում էր աչքերի դեմ , ու դող համակեց նրան ։― Ես այդժամ սրահում էի ՝ վարագույրների ետևում , և ճչոցով ինձ չմատնելու համար մատերս կծեցի ։