Գլուխ առաջին
Խավարին տարփալիորեն տրված Կապիտոլիումի իմպերատորական պալատի սյունազարդ պատշգամբում , որից ներս կեսարի աղոտ լուսավորված ննջարանն էր , մութ բազմոցին ձյութի պես սև , գլխահակ մի ուրվական էր հազիվ նշմարվում , որն իր գրկի մեջ օրորում էր իր պես սև մի մարմին , ու տղամարդու խեղդվող հեկեկանք էր տարածվում եթերի մեջ , որն այդ օրը խիտ էր կաթնամշուշով ։
Վահանակիր ու նիզակազեն գիշերապահներ էին երբեմն անցուդարձում ցածում ՝ նոճեզր լճակների երկյուղած հայելիների վրա արտացոլեցնելով իրենց ջահերը ։ Անտեղյակ էին նրանք հանկարծամահությանը Դրուսիլիայի , որ նոր-նոր հոգեզերծվել էր գրկում սիրելի եղբոր ՝ իմպերատոր Գայոս Կեսար Գերմանիկոսի , ում հետ կառավարել էր երկիրը խաղաղորեն ամբողջ երեք տարի ։ Ու ժամանակը կարճելու համար գիշերապահները շշուկով միմյանց պատմություններ էին անում Տիբերիոսի վաղ պատերազմների և կամ Հրեաստանում պատահած զարմանահրաշ իրադարձությունների մասին , կատակում ու ծիծաղում կիսաձայն , իսկ այդ նույն ժամանակ քրոջ արագորեն պաղող մարմինը կրծքին սեղմած ՝ աշխարհից թաքուն իր վիշտն էր ողբում տիրակալն այդ նույն աշխարհի ։ Ոչ ոք չէր տեսնում նրա դեմքը ՝ արտասուքով ողողված , չէր լսում հոգու խորքից ելնող խոսքերը սրտակեղեք , որ անէանում էին խավարի մեջ ՝ տաք ինչ-որ բանի դիպչող ձյունեփաթիլի նման .
― Դու մենակ ես թողնում ինձ , տառապանքի ՛ իմ ընկեր և իմ սիրուհի ՛, որ չունեիր քո նմանը լուսնի տակ ։ Ես ինչպե ՞ ս եմ դիմանալու վշտին այս ժանտ , ինչպե ՞ ս եմ ապրելու այսուհետ առանց քեզ ։ Եվ ինչի ՞ ս է պետք լուսաբացը ՝ այլևս անիմաստ , երբ արթնանալով ՝ աստվածային քո դեմքը չեմ տեսնելու անկողնուս մեջ , չեմ արբենալու այլևս սիրուց քո հորդուն , ծիծաղը չեմ լսելու քո հրայրքոտ ու խորհուրդները ՝ իմաստուն ։ Տառապանքի իմ ընկեր և իմ կեսարուհի , դու մենակ ես թողնում ինձ ու սիրտս պատռվում է , ահա , ողբից մեր սուրբ ընտանիքի , որից միայն ես մնացի աշխարհի դեմ այս անողոք ։
Նա գլուխը թաղեց քրոջ վարսերի մեջ ու ցնցվեց անձայն ։ Հետո քնքշորեն հարդարեց նրա մազերը , համբույր դրոշմեց լուսնագունած նրա դեմքին ։
― Հիշու ՞ մ ես ՝ որքան երջանիկ էր մեր ընտանիքը , Դրուսիլիա ՛, որքա ՜ ն փաղաքուշ էին մեր ծնողները ,― այս խոսքերի հետ երանության թույլ մի ալիք երևակվեց վշտից տանջահար նրա դեմքին ,― մեր մայր Ագրիպինան մեզ դայակներին չէր հանձնում և ինքն էր բոլորիս տանում զբոսանքի ու կարդում մեզ համար զարմանահրաշ պատմություններ , որ լսում էինք կլանված ։ Երբ դու հիվանդացար դեղնախտով , նա այնպե ՜ ս էր տառապում քեզ համար , այնպե ՜ ս էր տառապում , որ հյուծվել ու փոխվել էր անճանաչելիորեն ։ Օ ՜, որքա ՜ ն գեղեցիկ էր նա , Դրուսիլիա , նու ՜ րբ . հիշու ՞ մ ես , մենք , վառվռուն մանուկներ , տնտղում էինք հանդիսություններին պալատ մտնող բոլոր կանանց , և նա միշտ ամենահմայիչն էր ․․․ Իսկ մեր հայր Գերմանիկո ՜ սը ․․․ Հիշու ՞ մ ես , երբ վերադառնում էր նա արշավանքից , մեզ նվերներ էր բերում բազմազան , ու չորսիս բազուկներին ու մեջքին առած ՝ պտտում սրահներում ։ Մենք երջանկությունից ճռվողում էինք թռչունների նման և ընկնելու ահից գրկում նրա պիրկ պարանոցը , որին գալլական նետի հիշատակ սպի կար մեծ ։ Հիշու ՞ մ ես , մենք խմբվում էինք նրա շուրջը և խնդրում պատմել կռիվների մասին , ու մենք բոլորս փայտյա սրեր ունեինք , որով կոտորում էինք աներևույթ գալլերին ․․․