― Ահա ՛, ահա ՛ նրանք , ― ձեռքն առաջ պարզելով ՝ կանչեց նա ,― նրանք հոշոտեցի ՛ ն իմ ընտանիքը և հիմա ջահերով գալիս են խրախճանքի ։
Մակրոնը շփոթված մոտեցավ լուսամուտներին ու ցածում , նախարշալուսային մուժի մեջ ջահեր բռնած բազմություն տեսավ , որ պարարտ շիթերով ու զվարթ աղմուկով բոլոր կողմերից հորդում էր դեպի Կրկես ։ Նրանք ինչ-որ երգ էին երգում , որի բառերն անհնար էր զանազանել ։
Մի պահ նրան թվաց , թե ամենը տեսիլք է . այդ մտքից նա փշաքաղվեց և ակամա շոշափեց իրեն ։ Հետո , դեմքն ապակուն հպած ՝ մի քանի վայրկյան ուշադիր նայեց դուրս ու գոչեց ՝ թեթևացած շունչ քաշելով .
― Բայց դա հեծյալների դա ՛ սն է , կեսար , որ գալիս է տեղեր զբաղեցնելու հանդիսությունների համար . չէ ՞ որ Բոնա Դեայի տոնն է այսօր ։
Դեմքին խոր տարակուսանք ՝ Կալիգուլան շրջվեց դեպի Մակրոնը , ապա բացեց լուսամուտն և ջանաց իմաստավորված կանչեր որսալ բազմության բվվոցի մեջ ։
Մակրոնը ճիշտ էր ։
Նա անխոս հեռացավ լուսամուտից և սրահը տնտղեց այնպիսի մի հայացքով , ասես անտեղյակ էր , թե ով է ավերել այն ։
― Ի ՞ նչ է հապա ամենն այս , ― հարցրեց նա ինքն իրեն և ուժահատ նստելով մահճակալին , գետնատարած իրերին նայում էր զարմանքով ։
Ուժգնացող աղմուկը խանգարում էր նրան վերագտնել իրեն , և ափերով ունկերը բռնած ՝ ասաց թախանձանքով .
― Հեռացրու ՛ նրանց ինձանից , Մակրոն . անկարող եմ լսել նրանց կանչերը խրախճալի ։ Նրանք խլացնում են ինձ , նրանց զվարթ ձայնն ինձ վրեժի ՛ է դրդում ։
Մակրոնը գոցեց լուսամուտը , քաշեց վարագույրները ։
― Նրանց կանչերը չեն նվաղում , Մակրոն , ասես աղմուկն այդ իմ ներսից է գալիս ,― տրտնջաց կեսարը և պառկելով ՝ բարձեր սեղմեց ունկերին ։
Նա փակեց աչքերն ու անշարժացավ , և Մակրոնին թվաց , թե վերջապես խոնջություն համակեց նրան ։ Բայց չէր հասցրել ուրախանալ այդ մտքից , երբ կեսարը հանկարծ կտրուկ շարժումներով նստեց անկողնում , դեմքն ափերի մեջ առած ՝ օրորեց գլուխը և արտաբերեց դառնաձայն .
― Օ ՜, չե ՜ մ կարող , չե ՛ մ կարող այլևս ։
Հաջորդ ակնթարթին նա կերպարանափոխվեց , ատելություն շողաց նրա աչքերում , « Կորե ՛ ք գրողի ծոցը ձեր ջահերով և ճղճիմ նպատակներով »՝ գոչեց զարհուրելիորեն , որից լուսամուտները երերացին , ապա բարձերը ցասումով խփեց պատին , ճանկեց գետնին ընկած աշտանակն ու դռները ջարդելով ՝ դուրս թռավ ննջարանից ։
Ամենը կատարվեց այնքան արագ , որ Մակրոնը չհասցրեց որևէ կերպ կաշկանդել նրան ։
― Պրետորիաննե ՛ ր , ինձ մո ՛ տ , ճիպոտներո ՛ վ , մտրակներո ՛ վ ,― կանչեց Կալիգուլան ողջ ձայնով և սուրաց երկար միջանցքով , ուր քիչ մնաց ոտնատակեր ոսկեթել ցանցիկով մազերը հավաքած մի ստրկուհու , որ երկաթյա մատուցարանի մեջ բոցավառվող կրակ էր տանում ։― Ու ՞ ր եք , պոռնիկի ՛ ծնունդներ ։