Արծրուն Պեպանյանի գրքեր Կալիգուլա | Page 19

Մակրոնը չգիտեր ՝ ինչպես սթափեցնել նրան ։
― Նրանք գրոհում են ինձ վրա , Մակրոն , բոլորը , ում տանջամահել եմ մանուկ հասակում ,― կիսաձայն ասաց կեսարը ։― Նրանք գալիս են ՝ պատառոտված շորերով , պոկված գլուխներով , կտրված ձեռքերով ։ Նրանք քիթ չունեն , և խոռոչից արյուն է հորդում ։ Նրանց շուրթերը կտրված են . դա ե ՛ ս եմ արել Տիբերիոսի օրոք , ու նրանք հռհռում են ՝ սահմռկեցնելով ։ Նրանք ուզում են խեղդել ինձ իրենց մարմինների ծանրության տակ և իրենց արյան մեջ . տե ՛ ս , հատակը ցողված է արյունով , որից որդեր են ծլում արագորեն ։
Կալիգուլան զգուշությամբ գլուխը դուրս հանեց բազմոցի թիկունքից և հետախուզող հայացքով նայեց շուրջը ։
― Նրանք կարծես թե գնացին ,― ասաց փոքր ինչ հանգստացած , բայցևայնպես դաշույնը հարվածի պատրաստ պահած ՝ դանդաղ դուրս եկավ բազմոցի ետևից ։― Այո ՛, Մակրոն . մի ՛ երկյուղիր այլևս ։― Նա քայլեց դեպի սրահի կենտրոնը ։― Բայց սպասիր , ինչ-որ զեփյուռ եմ զգում , որ բոլոր կողմերից գալիս է դեպի ինձ ։
Նա ետ գցեց գլուխը և աչքերը փակ ՝ ձեռքերը տարածեց կողքի թռչնի նման , ասես զեփյուռն ավելի լավ զգալու համար ։
Մակրոնը շվարած կեսարին էր նայում ու մտովի աղերսում աստվածներին ՝ դուրս բերել նրան Ատեի գրկից ։
Ռեմուսն անհանգիստ ճչալով ՝ թաքնվեց վարագույրների ետևում ։
― Այն ահագնանում է , Մակրոն , տե ՛ ս , ծածանում է հագուստս ։ Ես զգում եմ , Մակրոն , ես զգում եմ ՝ ուրվականների նոր երամ է գալիս դեպի ինձ ։ Ես զգում եմ ՝ Չար ուժերը չեն այս անգամ նրանց ուղարկել ինձ այցի ։ Բայց ես մրսում եմ , Մակրո ՛ ն ։
Նա կծկվեց ցրտահարվածի նման , բայց շարունակում էր սևեռուն հայացքով առջևը նայել ։
― Ահա ՛, Մակրոն , նրանք մոտենում են , ես կարծես թե ճանաչում եմ նրանց ։ Օ ՜, այո , ահա ՛, գալիս է մայրս ։ Դու չե ՞ ս տեսնում նրան , Մակրոն , ա ՜ խ , սոսկալի ՜ է .― նա դողաց փշաքաղությունից ու ետ-ետ գնաց ,― նրա աչքը կախ է ընկել Սեյանոսի հարվածից , Մակրոն , և արյուն է լերդացած դեմքին ։ Սոսկալի է ։ Մի ՛ մոտեցիր , մա ՛ յր իմ , մի ՛ մոտեցիր , ես սարսափու ՛ մ եմ , ես քեզ սիրում եմ և չեմ կարող տեսնել քեզ այդպիսին ։
Նա ահաբեկված սեղմվեց պատին և անօգնական նայեց շուրջը ։ Եվ ասես եթերի մեջ նոր կերպարանք տեսնելով ՝ շշնջաց քնքշորեն . ― Հա ՞ յր ․․․ իմ սիրելի ՜ հայր , որքա ՜ ն եմ կարոտել քեզ ։
Կալիգուլան մի պահ դարձավ դեպի պրեֆեկտն , ապա ձեռքերը պարզեց լուսամուտների ուղղությամբ .
― Նա եկավ , Մակրոն , նա գունա ՞ տ է , օ ՜, այո , տե ՛ ս , նրան Պիզոնը թույն է հրամցրել գինու հետ ։ Դու չե ՞ ս կարող օգնել նրան , Մակրոն , ― խնդրեց սրտակեղեք .― տե ՛ ս , նա գալարվում է ցավից , նա օգնություն է աղերսում ինձանից ․․․ Հա ՜ յր ․․․
Կեսարը գրկաբաց գնաց դեպի լուսամուտները , բայց հանկարծ կանգ առավ և վշտահար դեմքով պրեֆեկտին նայելով ՝ արտաբերեց արցունքների միջից .
― Նա չքացավ , Մակրոն , ես չկարողացա օգնել նրան ։ Նա նորից կմեռնի ։