― Ասես չար ոգի է մտել նրա մարմնի մեջ , ու եթե այդպես է ․․․ Նա չշարունակեց և դեմքի անբացատրելի մի արտահայտությամբ նայեց Մակրոնին ։
Մտնելով ննջարան ՝ Մակրոնն այն հիմնովին տակնուվրա արված գտավ , ասես բարբարոսներ էին անցել այդտեղով ։ Առագաստի մետաքսե շղարշներն անգթորեն պատառոտված էին , կաղնեփայտե բարձր մահճակալից անկողինը շուռ էր տրված , նախշազարդ ոտնակը շպրտված էր մի կողմ , ուր մորթածածկ բազմոցն էր ։ Ջարդված սափորներ , արձանիկներ ու էբենոսյա մի քնար էին անկյուններում շաղ ընկած , ասես դրանցով հարվածել էին պատերին ։ Եռոտանի ոսկեձույլ աշտանակը , զույգ խնկամանները ու կորոտն սեղանը խճճված էին լուսամուտի տակ , հատակին ընկած ջահերը դեռևս վառվում էին ՝ արյան բծերի նման երկարելով մարմարե սալիկներին , ծխի դեղնավուն քուլաներ էին ելնում վեր և օդը բռնված էր նարդոսի , կինամոնի , զմուռսի խիտ բույրով ։ Պնակիտներ , մոմած տախտակ ու գրիչներ էին թափված ամենուր ։ Պատերից մեկի տակ , անմիջապես Մակրոնի դիմաց , նստած էր կեսարի սիրելի կապիկը ՝ գլուխը թաթերի մեջ առած . Ռեմուսը պրեֆեկտին նայում էր այնպիսի ողբերգական հայացքով , ասես քիչ առաջ ականատես էր եղել սահմռկեցուցիչ իրադարձության ։
Մեռելային լռության մեջ արձանացած ՝ Մակրոնը ներքին ահեղ տագնապով շուրջը նայեց և ավերումի մեջ չգտավ կեսարին ։ Այդ նույն միջոցին մի ճիչ , թե ռազմականչ խլացրեց նրան . լուսամուտները քողարկող հակնթագույն վարագույրի ետևից կտրուկ ոստյունով առաջ նետվեց Կալիգուլան , ասես դարան էր մտել , ու գալլական լայնաշեղբ դաշույնով սկսեց թրատել իր առջևի դատարկությունը ։
― Հեռացե ՛ ք , հեռացե ՛ ք , հանգիստ թողեք ինձ ,― կանչում էր նա ՝ արագ շարժումներով խոցոտելով եթերը , ասես շուրջառված էր մահաշունչ ուրվականներով ։― Դուք լավ գիտեք , որ ես ամենն արել եմ պարտադրանքով և կամ խելազրկության մեջ ։ Հեռու ՛ մնացեք ՝ ես չեմ ուզում նորից սպանել ձեզ ։
Նրա դեմքն այլայլված էր , հայացքը ՝ անհստակ , աչքերի մեջ արյան կարմրություն էր շողում , և Մակրոնին ակնհայտ էր , որ կեսարն Ատեի որոգայթների մեջ է ։
Մերթ նախահարձակ լինելով , մերթ պաշտպանվելով , որպես հմուտ զինվորական , թափթփված իրերի վրայով Կալիգուլան նահանջեց դեպի բազմոցը և դրա թիկունքում պատսպարվելով , ձեռքն ընկած առարկաները նետեց լուսամուտների ուղղությամբ ։ Ապա վերջապես նկատելով պրեֆեկտին ՝ կանչեց տագնապալի .
― Զգուշացի ՛ ր , Մակրոն , նրանք մոտենում են քեզ , նրանք արդեն քո թիկունքում են , նրանք ուզում են ցողել քեզ արյամբ ։ Մակրո ՜՜ ն ․․․
Ամեհի ոստյունով Կալիգուլան ցատկեց բազմոցի վրայով և թիկունքով պաշտպանելով պրեֆեկտին ՝ արագորեն թրատեց նրա շուրջը , ասես հենց նոր նրան մահ էր սպառնում ամեն կողմից ։ Հետո Մակրոնի ձեռքը բռնելով ՝ նրան ուղղակի քարշ տվեց դեպի բազմոցը , որի թիկունքում պատսպարվեցին երկուսով ։
Մակրոնը զգուշորեն հպվեց կեսարին , անչափ մոտիկից նայեց նրա աչքերի մեջ . իր առջև ուրիշ մարդ էր ասես ։
― Տու ՛ ր ինձ դաշույնը , Գայո ՛ ս ,― ասաց ՝ ձայնին կարելվույնս մտերմություն հաղորդելով ,― դու արթմնի երազում ես . ցնցի ՛ ր քեզ , և ամենը կանցնի ։
Կալիգուլան մատերը դրեց շուրթերին ու շշնջաց . ― Լռի ՛ ր , նրանք կարող են գուշակել մեր անելիքը ։