― Ի ՞ նչ է սա ։ Նա ասես զգուշանում էր ձեռքը մեկնել պայուսակին ։
Ռուդարիուսը պայուսակը դրեց սեղանին ու պատասխանեց , թե ինքը ոչնչից տեղյակ չէ և որ մի անծանոթ հենց նոր իրեն չորս աս տվեց խնդրանքը կատարելու համար ։
Նրա պահվածքից հստակ երևում էր , որ անտեղյակ է , թե ում հանձնարարությունն է կատարում , և հավատացին նրա խոսքին ։
Կեսարը մի քանի ոսկեդրամ դրեց սեղանին , ու երբ ռուդարիուսը հեռացավ , զգուշությամբ , ասես ներսում լարված նետ կամ թե օձ կարող էր քողարկված լինել , բացեց պայուսակն ու խունացած մագաղաթների կապկպված երեք փաթեթ տեսավ այնտեղ ։
― Հին գրառումնե ՞ ր , ի ՞ նչ են բերում արդյոք անցյալից ,― ասաց ինքն իրեն ու զսպելով հուզումը , որից սեղմվում էր կոկորդը ՝ քանդեց փաթեթներից մեկի քուղերը ։
Նա մագաղաթի մի կտոր դուրս բերեց պայուսակից , փռելով սեղանին ՝ հարթեցրեց ափով , ապա մոտ բերեց լուսակալը ։
Մակրոնը , որ անբացատրելի մի անհանգստությամբ հետևում էր կեսարի դեմքի արտահայտությանը , նկատեց , թե ինչպես նա այլայլվեց ակնթարթորեն , պարանոցի մկաններն ուռան արյան առատ հորձանքից և աչքերն արնագունեցին ։
Կալիգուլան արագ շարժումներով քանդեց մյուս փաթեթի քուղերը ևս ու դուրս քաշելով էլի մի քանի գրություն , հապճեպ աչքի անցկացրեց դրանք ։
― Չի ՛ կարող պատահել , օ ՜, անմահ աստվածներ ,― նա ջղաձգորեն սեղմեց բռունցքները և բացականչեց այնպես ուժգին , որ պանդոկում գտնվողները շրջվեցին նրա կողմը , իսկ նվագածուները սսկվեցին ։
Նա դողում էր ցասումից , կոկորդը սեղմվում էր և բառեր չէր գտնում հանկարծահաս զայրույթն արտահայտելու համար ։
Մակրոնը ձեռքն ակամա տարավ դաշույնին ու ցատկի պատրաստվող հովազի հայացքով մերթ նայում էր իրենց կողմը դարձած լարված դեմքերի բազմությանը , մերթ մագաղաթները կրծքին սեղմած , ասես պատրաստվում էին դրանք խլել , կեսարին ։
― Ի ՞ նչ է գրված այդտեղ ,― հարցրեց նա կիսաձայն ։
― Մատնագրեր են ,― արտաբերեց Կալիգուլան ՝ արագ վերագտնելով իրեն և գիտակցելով , թե որտեղ է գտնվում ինքը ։― Տիբերիոսի արխիվից հանված մատնագրեր են ՝ հարազատներիս ու նաև իմ դեմ ։ Օ ՜, էրինիսներ , ուրեմն դավե ՞ լ են ընտանիքիս դեմ , ուրեմն Տիբերիոսի կա ՞ մքը չի եղել միայն ՝ մահվան ուղարկել հարազատներիս ։ Ուրեմն հրահրե ՞ լ են նրան ոճրի ։ Որքա ՛ ն էլ շատ են . զզվա ՛ նք ։― Նա կտրուկ ելավ տեղից .― Գնա ՛ նք այստեղից , Մակրոն . անհամբերությունը տանջում է ինձ ։
Գինովցած հայացքների ուղեկցությամբ նրանք փութով ելան պանդոկից և հատելով Մեկենասի այգին , առաջին իսկ նրբանցքով թեքվեցին դեպի Տիբրոս ։
Նրանք գնում էին անխոս . կեսարին անհասկանալի էր , թե ինչպե ՞ ս կարող էին այդ գրությունները հայտնվել իր մոտ , իսկ Մակրոնը , որ քայլում էր մի փոքր ետ ընկած , զարհուրում էր այն աղետից , որ բերելու էր Հռոմին դիվային պայուսակը ։