ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 88

խուռիերենի կրկնակ բաղաձայնների համապատասխանությունն ուրարտերենի պարզերին) և պարզերի տրոհում ձայնեղ և խուլ շարքերի: Ձևաբանական կառուցվածք Դատելով խուռիերենի և ուրարտերենի ձևաբանական կառուցվածքից ՝ նախալեզուն կարելի է դասել կցական վերջածանցային լեզուների շարքում ։
Գոյականները ենթադրաբար բաշխված էին ըստ դասերի ՝ ակտիվ / շնչավոր ։ ինակտիվ / անշունչ ։ Այս վարկածը հիմնված է սեռական հոլովի երկու տարբեր ցուցիչների ենթադրական գոյության վրա, որոնցից մեկը հետագայում վերաիմաստավորվեց էրգատիվ հոլովի ցուցչի( տե ՛ ս վերևում)։ Բավական զարգացած ՝ ստացական / հարաբերական / սեռական, տարածական և այլ թեք հոլովներ ընդգրկող հոլովական համակարգին, ըստ ամենայնի, բնորոշ էր ենթական և ուղիղ խնդիրն արտահայտող հոլովների բացակայությունը, ինչպես և վաղ խուռիերենում( տե ՛ ս վերևում)։
Բայերը նախալեզվում սկզբնապես բաժանված են եղել երկու խմբի ՝ գործողության և վիճակի(*-i- и *-о- թեմատիկ ձայնավորներով համապատասխանաբար)։ Խուռիերենին և ուրարտերենին հայտնի-а- թեմատիկ ձայնավորով անանցողական բայերի առանձնացումը գործողության բայերի դասից ակնհայտորեն ավելի ուշ երևույթ է ։ Դա հետևում է այն փաստից, որ երկու լեզուների անիրական եղանակների համակարգում թե ՛ անցողական, թե ՛ անանցողական բայերի հետ գործածվում էր գործողության բայերի-i- թեմատիկ ձայնավորը 1 ։
Գործողության սուբյեկտն արտահայտվում էր բային կցվող հին խուռիերենից և ուրարտերենից հայտնի, բայց նոր խուռիերենում կորսված դերանվանական *-b տարրով ։ Վիճակի սուբյեկտն աննշույթ էր ։ Օբյեկտն արտահայտվում էր *-n տարրով, որը նոր խուռիերենում վերաիմաստավորվել էր ՝ վերածվելով աբսոլյուտիվ շարքի( անցողական բայի ենթական և անանցողական բայի խնդիրը արտահայտող) 3դ. եզակի դերանվանական ցուցչի 2 ։
Նախալեզվին, ըստ երևույթին, բնորոշ էր օտարելի և անօտարելի պատկանելության տարբերակումը ։ Այս վարկածի հիմքում ընկած են շումերա-խուռիական բառարանում( 3րդ դ. եզակի – di / e) և խուռի-խեթական տեքստում վկայված ստացական դերանվանական ածանցների գործածության եզակի օրինակները( 2րդ դ. հոգնակի – š( še)/ ž), որոնք դուրս են մնում ստացական դերանվանական հարացույցից ։ Վերջիններս հավա-
1
Տե ՛ ս Хачикян 2014: 168:
2
Տ ՛ ես Khachikyan 2016: 45-48: 88