ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 55

Ուրարտական իշխողների վարած այս քաղաքականության արտացոլումը կարելի է գտնել վաղերկաթեդարյան դամբարանային նյութերում: Օրինակ, Հայաստանի տարածքում ընկած Թալինի և Հոռոմի վաղերկաթեդարյան դամբարանադաշտերի պեղումների տվյալները ցույց են տալիս, որ այստեղ իսպառ բացակայում են դեռահաս տարիքի( 10-19 տարեկան) պատանիների / երեխաների թաղումները 1: Դա կարող է վկայել, որ այդ տարիքային խմբի պատանիները / երեխաները գերեվարվել են ուրարտական արշավանքների ժամանակ` ի տարբերություն 20-29 տարեկան տղամարդկանց տարիքային խմբի: Այդ խմբի թաղումները կազմում են ամենամեծ խումբը` ըստ Հոռոմի, և ամենամեծ խմբերից մեկը` ըստ Թալինի նյութերի 2: Տղամարդկանց համար առավել կենսունակ տարիքում մահացության այդպիսի մեծ ցուցանիշը կարող է լինել մի կողմից ՝ ռազմական բախումների հետևանք, իսկ մյուս կողմից` կարող է հուշել, որ նվաճողները ոչնչացրել են հատկապես տարիքային այդ խմբին պատկանող չափահաս արական / զենք կրելու ունակ բնակչությանը` « ռազմիկներ »-ին:
Թեև ուղղակի վկայություններ չկան, սակայն չի բացառվում, որ կենդանի թողնված և Ուրարտու գերեվարված տղամարդկանց կուրացրել են` սահմանափակելու նրանց շարժունակությունը և կանխելու անհնազանդության հնարավոր փորձերը, իսկ նրանց աշխատուժն օգտագործվել է այնպիսի աշխատանքներում, որոնք միատոն են և արհեստավարժ մոտեցում չեն պահանջում: Տղամարդ ռազմագերիներին կուրացնելու երևույթը վկայված է հին Առաջավոր Ասիայի ողջ պատմության ընթացքում 3: Օրինակ, խանիգալբադցի 14,400 ռազմիկների կուրացնելու և գերեվարելու մասին է հաղորդվում ասորեստանյան արքա Սալմանասար I-ի տեքստերից մեկում 4: Ավելին, կարելի է ենթադրել անգամ, որ կենդանի թողնված արական սեռի գերիների մի մասին ներքինացրել են 5. դրա վկայությունը կարելի է համարել Ռուսախինիլի Կիլբանիկայի( Թոփրաքքալե) քաղաքի պալատական / տաճարային անձնակազմը թվարկող տեքստում 2411 « դեռահասներ »-ի հիշատակությունը ներքինիների շարքում 6: Այս երևույթը նույնպես խորթ չէր հին Առաջավոր Ասիայի համար 7:
1
Ավետիսյան, Մկրտչյան 1994: 26:
2
Նույն տեղում::
3
Gelb 1973: 87; Heimpel 2009: 43ff.; Snell 2011: 7. Խեթական օրինակի համար տե ´ ս Beal 2007: 95.
4
Grayson 1987: 184( A. 0.77.1 74-75).
5
Տե ´ ս նաև Дьяконов 1983а: 57.
6
Дьяконов 1963а: 39; КУКН, 412 лиц. стор 11. հմմտ. CTU IV, CT Tk-111.
7
Ռազմագերիներին ներքինացնելու երևույթի վաղ վկայությունների համար 55