ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 53

Մեզ հասած աղբյուրների ոչ ամբողջական տվյալներով Հայկական լեռնաշխարհի տարբեր շրջաններ և նրա սահմաններից դուրս ձեռնարկված ուրարտական արշավանքների ժամանակ գերեվարվել է 629.519 մարդ, այդ թվում` 18.722 « տղամարդ » 1, 186,461 « պատանի / երեխա », 214, 369 « կին », 28,740 « ռազմիկ », ընդհանուրը` 448,292 մարդ( տե ´ ս Հավելվածը): Ավելի քան 181 հազար է կազմում այն գերիների թիվը, որոնց դեպքում աղբյուրները նշում են միայն հանրագումարային թվեր` գերեվարված « ժողովրդի »( LÚ taršu " ani / LÚ UN( MEŠ)) շարքում չառանձնացնելով « տղամարդկանց », « դեռահասներ / երեխաներ »-ի կամ « կանանց » թվաքանակները: Ինչ վերաբերում է Մենուայի արձանագրություններից մեկում նշված տեղեկությանը Էթիունի երկրից տարված « հիսուն բյուր »( 50 atibi) գերիների մասին 2, ապա ակնհայտ է, որ այդ թիվը խիստ չափազանցված է կամ էլ ավելի շուտ գործ ունենք գրչի սխալի հետ 3:
Նշվածից բացի պետք է հաշվի առնել, որ ուրարտական աղբյուրները շուրջ չորս տասնյակ անգամ հայտնում են գերեվարությունների մասին` առանց որևէ թվական տվյալ նշելու, և նկատի ունենալով, որ միջինացված հաշվարկի դեպքում յուրաքանչյուր արշավանքի ժամանակ գերի է տարվել շուրջ 5 հազար մարդ 4, ապա նման հաշվարկի դեպքում կարող ենք ենթադրել աղբյուրների չնշած ևս մոտ 200 հազար գերիների մասին: Դրանով ուրարտական արշավանքների ժամանակ գերեվարվածների ընդհանուր թիվը կարող է կազմել առնվազն 830 հազար մարդ: Այստեղ պետք է նկատի ունենալ նաև, որ գերեվարությունների մասին հիմնական թվական տվյալները հայտնող Արգիշթի Մենուայորդու և Սարդուրի Արգիշթորդու տարեգրությունները թերի են( անհայտ է մնում այս ար-
1
Գերեվարված « տղամարդկանց » ընդհանուր թիվը կազմում է 25,322 հոգի: Հետազոտողները հիմնականում համակարծիք են, որ Էրեբունի ամրոցի շրջակայքում վերաբնակեցված Խատե և Ծուպա երկրների 6600 հարյուր ռազմիկները հավաքագրվել են նախորդ տարի դեպի արևմուտք` Թաբալ, Մելիտիա և այլ երկրների դեմ ձեռնարկված արշավանքի ժամանակ գերեվարված և կենդանի տարված 8698 « տղամարդկանց » շարքից( տե ´ ս Меликишвили 1953: 27 сл., հմմտ. Salvini 2002: 41): Ըստ այդմ, « տղամարդկանց » ընդհանուր քանակից հանվել է 6600 թիվը, որն արտացոլված է « ռազմիկներ »-ի ընդհանուր թվաքանակի մեջ:
2
CTU I, A 5-2A3-F3 etc.
3
Օրինակ` 5 atibi` « հիսուն հազար »-ի փոխարեն:
4
Համեմատության համար կարելի է նշել, որ մոտավորապես 3-5 հազ. մարդ է միջինը կազմել խեթական արքաների արշավանքների ժամանակ գերեվարվածների թիվը( տե ´ ս Lorenz, Schrakamp 2014: 45):
53