ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 38

1 աշտարակների և «Արդար Դավիթ» անվանված աշտարակի մնացորդները» (Թորամանյան 1942: 141): Խոսելով Գեղամա լեռների վիշապաքարերի և վերջիններիս՝ ջրի պաշտամունքին առնչվելու մասին՝ Ստ.Մնացականյանը գրում է. «Մյուս կողմից, հազիվ թե պատահական լինի Գեղարդի «Սուրբ աղբյուրի» առկայությունը հենց այս, հնադարյան ջրի պաշտամունքին նվիրված լեռնալանջերում: Ամենայն հավանականությամբ Գեղարդի այս աղբյուրի պաշտամունքը ևս ունի իր շատ խոր արմատները, այն միայն սրբագործվել է քրիստոնեության կողմից, դարձել քրիստոնեական սրբավայր» (Մնացականյան 1971: 86-87): Քարայր-վիշապ կոթող- վիշապամայր (Անահիտ) կապը Ատրպետը ցույց է տալիս ինչպես Անձևացյաց աշխարհի/Հոգվոց վանքի, այնպես էլ Շիրակում գտնվող Սառնաղբյուրի (Սոյյուդլի) և Գեղարդավանքի օրինակներով (Ատրպետ 1931: թ. 43-46, 60-73): Մասնավորապես ենթադրում է, թե Գեղարդի քարայր- «մեհյանը» այն վայրն է եղել, որտեղ նախնական ծեսեր են իրականացվել մինչև ջրի պաշտամունքին և ջրանցքներին առնչվող վիշապաքարերի մոտ Գեղամա լեռներ բարձրանալը՝ վարդավառի տիպի տոների ընթացքում (Ատրպետ 1912ա): Քարանձավների համատեքստում վիշապների պաշտամունքի կապակցությամբ Ատրպետը հիշատակում է նաև Էջմիածնի շրջանի Հայի և Թուրքի Զեյվա գյուղերի մոտ գտնվող քարանձավը, որի խորքից բխում է Թուրքի Զեյվայի առվակը: Ջուրը բխելիս մեծ աղմուկ է դուրս գալիս, որ նմանվում է որոտի ձայնի, ինչը ժողովուրդը կապում է Ուշապի հետ: Այս ջրի շտեմարանը գտնվում է Արագածի վերին շերտերում, որից ելնելով՝ Ատրպետն այս երևույթն առնչում է «աչկատարյան շրջանի» ոռոգման համակարգի և դրա հետ կապված ջրի պաշտամունքի հետ: Քարանձավի մոտ որձաքարի վրա սանդուղք է փորված՝ բլրի գագաթը բարձրանալու և բագինը պաշտելու համար: Այդ ապառաժի վրա տեսանելի փոսիկները և քանդակները սուրբ ջրի համար էին արված: Նման սանդուղքներ կան Գառնիի, Վեդիի, Հայոց ձորի, Մաքենյաց կողմերում (Ատրպետ անթվակիր, 1-3): Ատրպետ ն այստեղ նկարագրում է Մեծամորի բրոնզ-երկաթեդարյան հուշարձանը: Վերոհիշյալ արագածյան Տիրինկատարը՝ վիշապաքարերի ամենամեծ կու- տակումով աչքի ընկնող սրբավայրը, ինչպես վկայում է վերջինիս դիրքը (ուղղված դեպի Արարատյան դաշտավայրը) և անվանումը (կապված Տիրի հետ, որը նույնպես վիշապային հատկանիշներ է կրում), հավանաբար առնչվել է Արարատյան դաշտավայրում գտնվող Տիրի Երազամույն տաճարին, որը կարող էր գտնվել Զվարթնոցի տեղում, որտեղից ուղիղ տեսարան է բացվում Տիրինկատարի ուղղությամբ (Ղաֆադարյան 1972: 22): Ամենայն հավանականությամբ, այս Տիրինկատարը կապված է Տարոնի Տիրինկատարին, որի վրա է գտնվել Անահիտ աստվածուհու արձան- 38