ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 205

Արաքս, կուրգանային մշակույթի կրողներ, իսկ մ. թ. ա. II-I հազ. Սահմանագծին և դրանից հետո մուշկեր, կասկեր, հնարավոր են նաև կիմմերներ կամ այլ ցեղեր: Ընդ որում, բացի վերոհիշյալ էթնիկ խմբերից, հնարավոր էր նաև այլոց մուտքը Ծոփք: Հենվելով եփրատյան գոտու նյութական մշակույթի իրողությունների վրա ՝ վերոհիշյալ տեղաշարժերի կրողների առնվազն մի մասը պետք է նստադրվեր այստեղ: Այս առումով առավել բնութագրականը մ. թ. ա. 1400թ. մոտերքում կազմված խեթական մի տեքստ է, որտեղ պահպանված ցեղապետերի անունները թույլ են տալիս ենթադրել առնվազն 4-5 տարբեր լեզուների կրողների առկայություն( խեթա-լուվիական, հնդ-իրանական, խուրրիական, « կապադովկիական », կասկական): Սրանցից բացի առկա են նաև դեռևս հստակորեն չստուգաբանվող զգալի թվով անձնանուններ 1:
Երկրորդը քաղաքական կազմակերպման բավական ցածր մակարդակն է, ինչը որոշակիորեն տարօրինակ է, եթե հաշվի առնենք շրջակա միջավայրի հարմար աշխարհագրական դիրքը և տնտեսական ենթակառուցվածքների ստեղծման համար առկա նպաստավոր պայմանները: Չնայած եփրատյան գոտին սերտ շփումներ ուներ նախ միջագետքյան քաղաքակրթական կենտրոնների հետ առնվազն խալկոլիթյան փուլից, իսկ այնուհետև այն ներառվեց սկզբում Կուր-Արաքսյան մշակութային դաշտի մեջ, այնուհետև Խեթական տերության քաղաքական և հոգևորմշակութային ոլորտը, սակայն մինչև մ. թ. ա. XIII դարը այստեղ չձևավորվեց միասնական պետականություն: Ընդհուպ մինչև այդ պահը այստեղ գոյություն ունեին բազմաթիվ փոքր ցեղապետություններ, որոնք պատմագիտության մեջ սովորաբար ընդունված է անվանել նոմային կամ պոլիսային կառույցներ:
Այժմ ընդհանուր գծերով ներկայացնենք քննարկվող տարածաշրջանի և փոքրասիական` խեթա-լուվիական աշխարհի միջև ինտեգրացիոն գործընթացների ընթացքը:
Խարբերդ-Մալաթիայի և դրանց հարող շրջանները հայտնվեցին խեթական lտերության տեսադաշտում մ. թ. ա. XV դարի երկրորդ կեսին ՝ նվաճվելով Թուդխալիյաս II-ի կողմից 2: Նախքան այդ պահը Իսուվան
1
Այդ անունների ցանկը և քննությունը տե ՛ ս Kosyan 2009:
2
Իսուվայի նվաճման մասին տեղեկություններ են պահպանվել Թուդխալիյաս II-ի և նրա հաջորդ Առնուվանդաս I-ի տարեգրություններում( տե ՛ ս KUB XXIII 11 / 12, Դիմ. կողմ 27’-34’, տեքստի հրատ.՝ տե ՛ ս Carruba 1977: 158-162; KUB XXIII 14 Դիմ. կողմ 1-8, հրատ. ` Carruba 1977: 172). Իսուվայի նվաճման շրջանում խեթա-միտտանական փոխհարաբերությունների որոշ մանրամասներ արձանագրված են խեթական արքա Սուպպիլուլիումաս I-ի և Միտտա- 205