տեղադրվել են այնպես, որ համեմատաբար բարակ ու նեղ հատվածները լինեն կառույցի վերնամասում, իսկ ծավալուն ու ծանր մասերը հենվեն դամբանապատերի վրա: Նման կառուցվածքի շնորհիվ « կեղծ թաղի » բրգաձև քարաբեկորները մի կողմից կրճատել են դամբանախցի վերնամասի թռիչքը, իսկ մյուս կողմից ՝ իրենց վրա տեղադրված ծածկասալերի ծանրության տակ չեն շրջվել դամբանախցի մեջ:
Հենց այդպիսին է դամբարանադաշտի կենտրոնական հատվածում գտնվող և 2013-2015 թթ. Զորաց քարերի հանգիտական արշավախմբի կողմից հետազոտված այն հայտնի դամբարանը( աղ. V, նկ. 1, 2), որը մի խումբ ոչ մասնագետներ այսօր միտում ունեն նույնացնելու « աստղադիտարան »( այն էլ նեոլիթ-էնեոլիթյան?) երևույթի հետ: Իրականում խնդրո առարկա դամբարանային կառույցն օղակված է շուրջ 18,0 մ տրամագիծ ունեցող կրոմլեխով, որի կենտրոնում մոտ 7,0 մ երկարությամբ և 3,0 մ լայնքով դամբանախուցն է ՝ կողմնորոշված արևմուտքից արևելք: Կրոմլեխի ներքին տարածքը ՝ մինչև դամբանախցի պատերը, ամբողջությամբ պատված է մանր քարալիցքով( աղ. VI, նկ. 1, 2): Կրոմլեխի շրջանաձև շարի արևմտյան եզրից սկսվում է մոտ 1,0 մ լայնք և շուրջ 7,0 մ երկարություն ունեցող, քարաշար, ստորգետնյա դրոմոս, որը, ձգվելով դեպի արևելք, միանում է արևմուտք-արևելք կողմնորոշում ունեցող դամբանախցին: Վերջինիս միջից պեղման աշխատանքների ընթացքում ի հայտ եկան մ. թ. ա. I հազ. առաջին կեսով թվագրվող սև, գորշ, բաց դարչնավուն խեցանոթների բեկորներ, ինչպես նաև նույն ժամանակներին( մ. թ. ա. X- VIII / VIIդդ.) վերաբերող երկաթե 2 նիզակների և կեռ դաշույնի մնացորդներ( աղ. IV, նկ. 3): Սրանք վկայում են, որ դամբանախցում արված թաղումը վերաբերում է երկաթի դարաշրջանին:
Դամբարանային կառույցն ունի մի կարևոր առանձնահատկություն ևս: Այն շրջափակված է անկանոն-շրջանաձև շարվածքով երկրորդ կրոմլեխով, որի միջին տրամագիծը շուրջ 50 մ է: Կրկնակի, նաև եռակի վերգետնյա նման շարերով դամբարաններ հայտնի են Հայաստանի ուշբրոնզեդարյան-երկաթեդարյան այլ հուշարձաններից ևս( Ներքին Գետաշեն, Քանագեղ, Վերին Նավեր, Գավառ, Թալին և այլն) 1: Դրա պատճառն այն է, որ համեմատաբար ավելի ուշ ժամանակներում նույն դամբանախցում կրկին թաղում է իրականացվել, և վերջինիս համար շարվել է նոր կրոմլեխ: Այդ դեպքում արդեն հին դամբարանն արտաքուստ ստացել է կրկնակի կրոմլեխով շրջափակված կառույցի տեսք: Ըստ որում
1
Փիլիպոսյան, Հովհաննիսյան 1991: 33-35: Փիլիպոսյան, Մկրտչյան, Կիրակոսյան 2002: 43-49; Սիմոնյան 2006: Նկ. 4, աղ. XVIII, XXIII, LIII, LXIX:
192