ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 191

երկաթեդարյան դամբարաններ է պեղել Օ. Խնկիկյանը( աղ. IV, նկ. 2) 1:
Զորաց քարերում հնագիտական աշխատանքները վերսկսվեցին 2013թ.: Դրանք մեկ անգամ ևս հաստատեցին հնավայրի տարածքում բնակավայրի և նրան կից դամբարանադաշտի առկայությունը: Բնակավայրը զբաղեցնում է հուշարձանի հյուսիսային հատվածը, շրջափակված է տեղ-տեղ մինչև 2,0 մ բարձրության հասնող կոպտաշար պարսպով( աղ. I, նկ. 2) և ունի մուտք, որը հարավային կողմից է: Բնակավայրում նկատելի են ուղղանկյունաձև կառույցների, բոլորաձև շինության, թաքստոցների և տնտեսական հորերի մնացորդներ, որոնք տևական ժամանակահատվածում( մ. թ. ա. XIXդ. մինչև մ. թ. XIVդ.) բազմիցս փոփոխվել ու վերակառուցումների են ենթարկվել:
Դամբարանադաշտը կից է բնակավայրին հարավից և տարածվում է դեպի Որոտան գետի Դար վտակի ձախակողմյան ափամերձ լանջի հատվածը: Երեք տասնյակից ավելի մեծ դամբարաններ քանդված են և թալանված: Դրանց մի մասի դամբանախցերի երկարությունը 13-15, իսկ լայնքը 3,0-4,5 մետր է: Դամբարանների կառուցման համար անհրաժեշտ շինանյութը բերվել է մոտ 1,0 կմ արևելք գտնվող բլրակից, որը ժամանակին քարհանք է ծառայել 2: Այսօր էլ այդ տարածքում կան տեղաշարժված զանգվածեղ ժայռաբեկորներ, որոնք ժամանակին խոտանվել և թողնվել են տեղում: Վերջիններիս վրա հստակ նկատելի են հին մշակման հետքեր: Մասնակի մշակված քարաբեկորների բրգաձև կառուցվածքը ժամանակին կարևոր դեր ու նշանակություն է ունեցել: Մեծ դամբանախցերի վերին մակերեսները կրճատելու և դրանք փոքր ծածկասալերով փակելու համար անհրաժեշտ է եղել յուրահատուկ ծածկի ՝ « կեղծ թաղի » կառուցում 3: Դրա համար քարհանքում հատուկ առանձնացվել են զանգվածեղ, ծանր հիմք և նեղ ու բարակ վերնամաս ունեցող քարաբեկորները, որոնց առավել դյուրին ու անվնաս տեղափոխման համար յուրաքանչյուրի նեղ ու բարակ վերնամասում 5,0-10,0 սմ-անոց անցք է բացվել: Վերջիններիս ներքին մակերեսները հնարավորինս մշակվել են ու հարթեցվել: Դա կատարվել է, որպեսզի տեղափոխման ժամանակ անցքերով անցնող պարանները, փորվածքների ներսի հատվածին առկա անհարթություններին քսվելով, արագ չմաշվեն: Այնուհետև երկարավուն( մինչև 3,5-4,0 մ երկարությամբ), զանգվածեղ( 3,0-4,0 տոննայից ոչ պակաս քաշով) այդ քարաբեկորները մեծ դամբանախցերի երկայնական երկու կողմերից
1
Xnkikyan 2002: 65-67, ill. 4, pl. VI-VII, XL, pl. LIII, fig. 1-32, pl. LIV, fig. 5-9.
2
Փիլիպոսյան, Ավագյան 2016: 12:
3
Խաչատրյան 1982: 227-232: 191