կոչվել էր « Քաջ » և մարմնի կառուցվածքով և արտաքին տեսքով նման էր Արտաշիրին … Նա ականավոր էր … ատլետիկ կառուցվածքով » 1: Իրանական միջավայրում ֆիզիկական կատարելությունն ու գեղեցկությունը գահաժառանգի ընտրության վճռորոշ գործոններից էին 2: Եվ եթե վստահենք իր թոռների մեջ ժրամանուկ Որմիզդ-Արտաշիրի նկատմամբ Արտաշիր I-ի հատուկ վերաբերմունքի մասին « Կարանամակ »-ի հաղորդմանը 3, ապա կարելի կլինի մտածել, որ Որմիզդ-Արտաշիրի քաղաքական կարիերան կանխորոշվել է դեռևս պապի գահակալության օրոք:
Ակնհայտ է, որ անգամ որդուն պարսկական զորագլխի և « Հայաստանի » արքայի կապակցված պաշտոններում նշանակելուց հետո նրա քաղաքական կարիերան շարունակել է մտահոգել Շապուհ I-ին: Դրանով կարելի է բացատրել այն, որ հոր օրինակով նա ևս զուգակցել է գահաժառանգի դիրքերն ամրապնդելու աքեմենյան և պարթևական քարոզչաձևերը: 250-ական թթ. վերջերին կերտված Նախշ-ի Ռաջափ IV ժայռաքանդակի վրա Որմիզդ-Արտաշիրը պատկերվել է արքաների արքայից անմիջապես հետո, բայց իր բոլոր եղբայրներից առաջ, որով և փաստագրվել է նրա « արքայից հետո երկրորդ »-ի կարգավիճակը 4: Որմիզդ- Արտաշիրը երկիցս հիշատակված է նաև մոտավորապես 261թ. ստեղծված ŠKZ-ում: Սասանյան արքայատան անդամների պատվին կրակի տաճարներ հիմնելու կապակցությամբ արված թվարկման ընթացքում « մեծ թագավոր Հայոց » Որմիզդ-Արտաշիրի կրակի տաճարը հիշատակվում է Շապուհ I-ի և, նրա կնոջ` Ադուր-Անահիդի կրակի տաճարներից անմիջապես հետո և նախորդում է իր եղբայրների` Մեսենի արքա Շապուհի և Սակաստանի, Թուրանի և Հինդի արքա Ներսեհի կրակի տաճարներին: Իսկ ŠKZ-ի այն պարբերության մեջ, որտեղ խոսվում է կրակի տաճարներին կատարվելիք զոհաբերությունների մասին, նա հիշատակված է Գիլյանի արքա Վարահրանից և Մեսենի արքա Շապուհից 5 հետո, բայց Սակաստանի, Թուրանի և Հինդի արքա Ներսեհից առաջ: Որմիզդ-Արտաշիրի այս երկակի դրությունը բացատրվում է նրանով, որ առաջին դեպքում Սասանյան արքայազները հիշատակվել են ըստ Շապուհ I-ի
1 al-Tabarī, 1999: 41-42.
2
Ксенофонт 1976: I, 2.1: Հերոդոտոս, 7, 187:
3
Книга деяний Ардашира сына Папака 1987. XVIII, 19-20.
4
Луконин 1979. 17.
5
Վ. Լուկոնինը, ելնելով այն փաստից, որ ŠKZ-ն( պարթ. 25-րդ տող) Մեսենի կառավարիչ է հիշատակում Շապուհի կնոջը` Դանեկ թագուհուն, եզրակացնում է, որ արձանագրության ստեղծման պահին Շապուհն արդեն վախճանված էր և արձանագրության մեջ հիշատակվել է հետմահու:
150