ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 15
Գ.Սարգսյանը նաև կենսախինդ և դյուրահաղորդ մարդ էր, ով
սիրում էր ընկերական շրջապատում ուրախ հավաքներ: Նա ուներ իր
ուրույն փիլիսոփայությունը կյանքի և մահվան առեղծվածի վերաբերյալ:
Նա կյանքն ընկալում էր որպես արբեցուցիչ մի վայելք, երջանկության
կարճատև մի խենթություն, որտեղ ցավն ու հաճույքը քայլում են կողք
կողքի: Ես մի քանի անգամ նկատել եմ, որ Գ.Սարգսյանը՝ որպես ազնիվ
նկարագրի տեր մարդ, խորունկ տխրությամբ էր տանում կյանքում իր հետ
պատահած վատ բաները: Տարիներ շարունակ նրա հետ շփվելիս ես նրա
մեջ նկատել եմ նաև մի տեսակ անդորր, հոգևոր խռովքի բացակայություն
ու խաղաղություն: Եվ խաղաղ սրտով էլ նա հրաժեշտ տվեց կյանքին:
Ակադեմիկոս Գ.Սարգսյանը անկասկած հայ պատմագիտության
մեջ մնայուն անուն է, իսկ արևելագիտության բնագավառում՝ խոշոր
երախտավոր: Նրա՝ իսկական գիտնականի և բարձր մտավորականի
կերպարը, շնորհիվ իր փայլուն աշխատությունների և կատարած գործի,
հավատացած ենք, ընդմիշտ կպահպանվի սերունդների հիշողության մեջ:
ՎԱՀԱՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆ
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ
15