ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 14

դեռևս սեկտորի օրերից, պատրաստել բարձր որակավորում ունեցող կադրեր և այլն: Գ. Սարգսյանը իսկապես երիտասարդ տաղանդավոր մարդկանց հայտնաբերելու և նրանց ինստիտուտի շուրջը համախմբելու հազվագյուտ ձիրք ուներ: Առհասարակ նա անդուլ նվիրումով էր իրա- գործում գիտական կադրերի պատրաստման և նրանց դաստիարակման դժվարին գործը: Շնորհիվ նրա վիթխարի եռանդի՝ կարճ ժամանակամիջոցում նրան հաջողվեց ինստիտուտի շուրջը համախմբել մեծ գործի գաղափարով ոգեշնչված, շնորհալի ու խանդավառ մի ամբողջ կուռ կոլեկտիվի: Այդ բո- լորի արդյունքը հանդիսացավ այն, որ հայ արևելագիտությունը ոչ միայն դուրս եկավ մեր տարածաշրջանի և Խորհրդային Միության սահմաննե- րից, այլև իր արժանի տեղը գտավ համաշխարհային գիտական շրջան- ներում: Գիտության հմուտ կազմակերպչի ձիրքի հետ միաժամանակ Գ. Սարգսյանը մեծ ուսուցչապետ էր: Հայաստանի տարբեր բուհերի նախկին ուսանողներն առ այսօր հիշում են նրա փայլուն դասախոսությունները: Թեև Գ.Սարգսյանի ուսումնասիրությունների օբյեկտը հին շրջանի պատմությունն էր, սակայն որպես բնությունից օժտված մարդ նա ուներ իր ուրույն մոտեցումներն արդի միջազգային գերխնդիրների վերաբերյալ: Նրա քաղաքական մտածողության շրջանակները լայն էին և ընդգրկուն: Գ.Սարգսյանն իմ խորին համոզմամբ նաև կատարյալ քաղաքացի էր: Մեր անկախության ծննդի առաջին օրերին նա երբեք չընկավ ծայրա- հեղությունների մեջ և տուրք չտվեց քաղաքական խաղերին: Գ.Սարգսյանը նաև ջերմ հայրենասեր էր, հայրենիքի հոգսերով ապ- րող մարդ: Նա միշտ հավատարիմ է եղել այն սկզբունքին, որ չի կարելի քաշվել անկյուն և գործնականում ոչինչ չանել հարազատ երկրի և ժո- ղովրդի համար: Նաև օժտված էր պայծառ լավատեսությամբ և մեր ժո- ղովրդի ապագան երբեք չի համարել մութ և անորոշ: Հայաստանը պաշտելի էր նրա համար իր բոլոր մեծություններով և փոքրություններով, վեհությամբ և արատներով: Նա հեռու էր նաև ազ- գային նեղմտությունից, արհամարհանքով էր վերաբերվում աղմկոտ հայրենասերներին: Որպես ճշմարիտ մտավորական՝ Գ.Սարգսյանը կյանքի նյութական բարիքներից ոչ մի ակնկալություն չուներ, ինքը և իր ընտանիքը միշտ ապրել են համեստ կյանքով: Առհասարակ նա հեռու էր կյանքի ճղճիմ կողմերից: Ես իր կենդանության օրերին Գ.Սարգսյանին համարել եմ երջանիկ մարդ, որովհետև ուներ լավ ընտանիք, սիրասուն զավակներ, զբաղվում էր իր սիրած գործով, հրճվում էր կյանքի խոյանքով: 14