դառնար նահապետական սկզբունքը: Մինչդեռ Արտաշիր I-ը, ով ուներ ավագ եղբայրներ 1, գահաժառանգ հայտարարեց Արշակունիներից սերող Միրոդ թագուհուց ունեցած որդուն` Շապուհին: Գահի փոխանցման հաստատագրված մեխանիզմների բացակայության պայմաններում Արտաշիրը կայացրած վճիռը հիմնավորելու և գործնականում ամրապնդելու նպատակով փորձել է շաղկապել նախորդ իրանական հարստությունների օրոք գործածված տարատեսակ ծիսական և իրավաքաղաքական մեխանիզմները: Մասուդիի վկայությամբ Արտաշիրը « գնահատում էր նրան( Շապուհին-Ա. Մ.) որպես իր բոլոր որդիների մեջ ամենաազնվազարմի, ամենախոհեմի, ամենաքաջի և ամենահաջողակի » և մեծամեծերի մի հավաքի ժամանակ հայտարարել է իր հաջորդը 2: Սրանից ակնհայտ է, որ. ա) Շապուհի ընտրության գործում վճռորոշ են եղել նրա անձնական որակները, բ) Արտաշիրը փորձել է իր ընտրությունն օրինականացնել` գահաժառանգին հանդիսավորապես ներկայացնելու( νάδειξις) հին աքեմենյան կարգը վերակենդանացնելու միջոցով: Ինչպես երևում է, նույն նպատակին են ծառայեցվել նաև, այսպես կոչված, « pasāgrīw »-ի` « արքայից հետո երկրորդ »-ի հաստատության առանձին բաղադրատարրերը: Այդ նպատակով Արտաշիր I-ը, պաշտոնական աստիճանակարգության մեջ « արքայից հետո երկրորդ »-ի դիրքը Աքեմենյանների օրինակով վերապահելով բդեշխներին, պատկերագրական տեքստերում, ինչպիսիք սասանյան ժայռաքանդակներն են, այն արժևորել է դինամիկ իմաստով և վերապահել է գահաժառանգին:
Առաջին անգամ դա արտահայտվել է ինվեստիտուրայի թեմայով ստեղծված Նախշ-ի Ռաջափ III 3 և Փիրուզաբադ II 4 ժայռաքանդակների վրա, որտեղ, իրենից հետո պատկերվելու պատիվը վերապահելով որդուն, Արտաշիրը, ինչպես Դարեհ I-ն ու Քսերքսես I-ն իրենց պերսեպոլիսյան հարթաքանդակների վրա 5, պարզորոշ ազդարարում էր, թե ով է լինելու Իրանի ապագա տիրակալը: Իսկ իր գահակալության վերջերին ստեղծած Փիրուզաբադ I 6 ժայռաքանդակի վրա Արտաշիրն իրենից հետո պատկերել է տվել Շապուհին ՝ Արտավան V-ի մեծ վեզիրին ձիուց ցած տապալելիս 7:
1 al-Tabarī, 1999: 8.
2
See Shahbazi 2002.
3
Hinz 1969: 122, Tafel 57.
4
Hinz 1969: 121, Tafel 56.
5
Меликян 2013. 104, рис. 1, 107, рис. 2, 3.
6
Hinz 1969: 117, Tafel 51.
7
Փիրուզաբադ I-ի հորինվածքի այլընտրանքային մեկնաբանությունները տե ՛ ս Фаррох 2009. 198-199. Grabowski 2011: 207-233: Soudavar 2009: 427, n. 30. 138