ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 107
րան», «Հայկական համառօտ հանրագիտարան») 1 եւ «Հայաստանի եւ յա-
րակից շրջանների տեղանունների բառարան» 2 : Եւ ահա, առանց յատուկ
փաստարկելու՝ Ղարազիադինի այդ վարկածը կրկնւում է այնպիսի լուրջ
աշխատանքներում, ինչպէս Հայկ Յակոբեանի 2003 թ. ծաւալուն յօդուածն
է 3 եւ Արմէն Այվազեանի 2016 թ. ռուսերէն հիմնարար մենագրութիւնը 4 :
Իրականում Աւարայրի դաշտի ճիշտ տեղորոշմանն ամենից մօտ է
եղել պատմական աշխարհագրութեան հմուտ գիտակ ակադ. Ս. Երեմեա-
նը, ով ճակատամարտի վայր էր նշում Ս. Թադէի վանքից հարաւ ընկած
Չալդրանի սարահարթը, որով հոսում է Զանգեմար – Մակու-չայ կոչուող
(հին, խորհրդային եւ «Գուգլի» քարտէզներում) Տղմուտ գետի գլխաւոր օ-
ժանդակը: Նախ՝ հէնց սրա ձորահովիտն էին արեւմուտքից ու հարաւից
շրջապատում այն լեռները, որոնք հին քարտէզներում (ռուսական 5-, 10-
վերստանոց եւն) կոչուած են «Շաւարշ», «Շաւարէշ», «Շիւարէշ», իսկ այդ
անուան կապը Արտազ գաւառի Շաւարշան քաղաքի (եւ գաւառամասի) 5
հետ ակնյայտ է: Բացի այդ, հէնց նշուած օժանդակի ափերով էր անցնում
1
Տե՛ս Հ. Աղաբէկեանի՝ «Աւարայր [գիւղ]» եւ «Աւարայրի ճակատամարտ 451»՝
արդէն յետմահու յօդուածները «Հայկական սովետական հանրագիտարա-
նում» (հտ. 1, 1974, 607), որոնք արտատպուած են նաեւ «Հայկական համա-
ռօտ հանրագիտարանում» (հտ. 1, 1990, 304-305):
2
Հակոբյան, Մելիք-Բախշյան, Բարսեղյան 1986, 359:
3
Հակոբյան 2003, 40-67:
4
Айвазян 2016 (516 с. + илл.).
5
Շաւարշան – Արտազի մասին տե՛ս նախ Պատմահօր մօտ (Խորենացի 1913,
գլ. Բ.ծբ, 182). «Եւ հրամայեալ Արտաշիսի բնակեցուցանել զնոսա [Ալանաց
ներգաղթեալներին] ի հարաւոյ յարեւելից կուսէ Մասեաց, որ կոչէր Շաւար-
շական գաւառ, ի վերայ պահելով զբնիկ անունն Արտազ. քանզի եւ աշխար-
հն, ուստի գերեցանն՝ Արտազ [var. Արտոզ, Արդոզ] կոչի մինչեւ ցայսաւր ժա-
մանակի» (այստեղ եւ ստորեւ բոլոր ընդգծումները մերն են): ԺԳ դարում
Վարդան Արեւելցին գրում էր. «Արտազ գաւառն Մակու է, ուր կայ Սուրբ ա-
ռաքեալն Թադէոս» (Վարդան վարդապետ 1960, 16, 32)։ Ըստ այսմ, ակադ.
Լեւոն Խաչիկեանի խօսքերով՝ Արտազը «հնում կոչուել է Շաւարշաւան գա-
ւառ, իսկ միջնադարում Մակու կամ Առաքելոց երկիր» (Խաչիկեան 1999,
43): Հ. Ղ. Ալիշանի կարծիքով՝ գաւառը Շաւարշան է կոչուել «գուցէ անուամբ
Հայկազն պայազատաց մէկուն, որ կոչուէր Շաւարշ» (Ալիշան 1901, 62)։ Այդ
անունը պահպանել է նաեւ Մամիկոնեան նահատակին նուիրուած «Իմ Հայ-
րենեաց հոգի Վարդան» ազգային երգը («Որ Հայրենեաց շողայ արեւ / Շա-
ւարշանայ դաշտին վերեւ...»): Ողջ երկրամասի մանրամասն նկարագրու-
թիւնը տե՛ս Տէմիրճեան 1974; Հախնազարյան 2012, 9-26։
107