Դաշնակից պետությունների ճնշման տակ Թուրքիայի սուլթանական կառավարությունը 1920 թ. հունվարի 8-ի որոշմամբ անվավեր համարեց « Լքյալ գույքերի մասին » օրենքի գործադրությունը և ընդունեց որոշումներ, ըստ որոնց 1915 թ. սեպտեմբերի 26-ի օրենքով և 1915 թ. նոյեմբերի 8-ի կանոնադրությամբ պետք էր տեղահանված անձանց պետական գանձարանի և վաքըֆների անուններով արձանագրված գույքերը, նախ, անմիջապես վերադարձնել սեփականատերերին, ապա նրանց անուններով արձանագրություն կատարել, ուղևորության պաշտոնագրով և անցագրերով մեկնողների գույքերը լքյալ չհամարել, ժառանգորդ չունեցողների և մահացածների գույքերի արժեքը հանձնել համայնքի կրոնապետերին ՝ որբերին և աղքատներին բաժանելու համար: Այս որոշման շատ հոդվածներում նշվում էր, որ տեղահանվածների գույքերը ապասեփականացված են 8:
Սույն որոշման հիման վրա ֆինանսների նախարարության լքյալ գույքերի հանձնաժողովի տնօրեն Շեքիպ բեյի գլխավորությամբ կազմվեց նոր հանձնաժողով, որը պետք է զբաղվեր հայերի կրած վնասի հատուցման հարցերով: Գավառներում գործող լքյալ գույքի հանձնաժողովներին հանձնարարված էր մանրամասն քննել հայերի ներկայացրած յուրաքանչյուր դիմում, որից հետո դրանք ևս մեկ անգամ պետք է քննվեին Պոլսում ստեղծված հանձնաժողովի կողմից և հայերին հատուցում տրվեր: Չնայած այս որոշմանը և դաշնակից պետությունների ճնշումներին, թուրքական իշխանությունները շարունակում էին քայլեր ձեռնարկել ՝ խափանելու հայերի ունեցվածքի վերադարձը:
Համաձայն կառավարության 1920 թ. հունվարի 8-ի որոշման, այն գույքերը, որոնք հայերից բռնագրավվելուց հետո օգտագործվել էին հասարակական նպատակների համար, ետ չէին վերադարձվելու: Այսպիսով, համաձայն սույն որոշման, հայերին պատկանող հսկայական թվով շենքեր չվերադարձվեցին իրենց տերերին: 1919 թ. սկսեց զինվորական գործիչ Մուստաֆա Քեմալի վերելքը, որն ավելի ուշ պատմություն մտավ « Աթաթյուրք »(« թուրքերի հայր ») անվամբ: Քեմալն Անկարայում ձևավորեց նոր կառավարություն, որն էլ 1920 թ. ապրիլին նրան ընտրեց նախագահ:
8
Emval-i Metruke Olayı Osmanlı’ da ve Cumhuriyette Ermeni ve Rum Mallarının Türkleştirilmesi Nevzat Onaran, http:// www. insanokur. org / emval-i-metruke-olayiosmanlida-ve-cumhuriyette-ermeni-ve-rum-mallarinin-turklestirilmesi-nevzatonaran /( հասանելի է 15.09.2016)
312