MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 279

բանաստեղծուհին փորձում է խոսել նաև կնոջ բնական իրավունքների մասին , քանի որ այստեղ Միհրին փորձում է ասել , որ կինն իր խելքով և գաղափարներով ոչնչով չի զիջում տղամարդուն , հաճախ նույնիսկ գերազանցում է , ուստի նրան նույնպես պետք է ընդունել որպես մարդկային էակի , ով իրավունք ունի դրսևորելու իր արժանիքները , արտահայտելու իր գաղափարներն այնպես , ինչպես տղամարդիկ : Թեև « Hâteme­i Risâle » -ում արտահայտված գաղափարները գերիշխող չեն Միհրի Հաթունի ստեղծագործություններում , սակայն այս տողերը փաստում են այն մասին , որ օսմանյան գրականության մեջ կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված գաղափարների , որոնք թերևս ֆեմինիզմի վաղ դրսևորում են , կարելի է հանդիպել դեռևս 15-16-րդ դարերի պոեզիայում :
Իր ժամանակի համար չափազանց համարձակ այս տողերում երևում է , որ Միհրին համարձակվում է քննադատել հասարակության մեջ տղամարդկանց և կանանց անհավասար կարգավիճակը : Սա օսմանյան դիվանի գրականության մեջ հանդիպող առաջին դեպքն է : Ուշագրավ է այն փաստը , որ միջնադարյան իսլամական հասարակության մեջ նմանատիպ հարց է բարձրացվում կնոջ կողմից : Հենց այս պատճառով էլ Միհրիի ստեղծագործությունները հաճախ բնորոշվում են որպես ֆեմինիստական 16 : Ուշագրավ է այն հանգամանքը , որ Միհրիից հետո մինչև թանզիմաթի շրջան ( 19-րդ դարի կեսեր ) ոչ մի բանաստեղծուհի նման հարց չի բարձրացրել : Թերևս դա է պատճառը , որ Միհրի Հաթունը օսմանյան կին գրողների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում :
Այսպիսով , 15-16-րդ դարերում առհասարակ հնարավոր չէր բարձրացնել կանանց իրավունքներին վերաբերող հարցեր : Այնուամենայնիվ , օսմանյան գրականության մեջ փոքրաթիվ կին գրողների շարքում առանձնահատուկ տեղ զբաղեցնող Միհրի Հաթունը , իր` « Hâteme­i Risâle » ստեղծագործության մեջ առաջին անգամ առաջ է քաշում այնպիսի խնդիրներ , որոնք վերաբերում են իսլամական հասարակության մեջ տղամարդ-կին անհավասարությանը , կնոջ իրավազուրկ վիճակին և նրա բնական իրավունքների պաշտպանությանը :
16
Նույն տեղում : 279