MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 16

էին իրենց զինվորներին ։ Այդպիսի կազմակերպությունը չէր կարող ունենալ միասնական հրամանատարություն, խիստ կարգապահություն, նույնիսկ հաղորդակցման միասնական լեզու ։ Մաղրիբցիները, ալբանները, բոսնիացիները, չերքեզները և ուրիշները ծառայում էին եգիպտական օսմանյան բանակում միասնական ազգային խմբերով ՝ այն դարձնելով էթնիկապես տարասեռ 7 ։
Չնայած նրան, որ 1807 թ ․ ավանդական բանակի օգնությամբ Մուհամմադ Ալին հասավ մի շարք ռազմական հաղթանակների մամլուքների և անգլիացիների նկատմամբ, նա բավարարված չէր զինուժի վիճակով ։ Նա իրավացիորեն զգուշանում էր խռովություններից և ապստամբություններից, որոնցից մեկն էլ իրեն բերեց իշխանության ։ Կյանքը ցույց տվեց, որ այդ մտավախությունները իզուր չէին ։ 1807 թ ․ անգլիական ներխուժման ժամանակ Մուհամմադ Ալին ուշացրեց զորքերի ամենամսյա աշխատավարձի վճարումը, ի պատասխան որի գումար պահանջող ռազմական ստորաբաժանումները շարվեցին նրա նստավայրի առաջ և նրա ուղղությամբ կրակ բացեցին 8 ։
Հետազոտելով վերոնշյալ պատմական իրադարձությունները ՝ կարող ենք հանգել այն եզրակացության, որ բանակի կառավարման ոչ կենտրոնացված մեխանիզմը թեև ապահովում էր լրացուցիչ զինվորական ուժի ներգրավում, ինչն իր իրական դերն ունեցավ մի շարք պայքարներում, սակայն այդ մեխանիզմը նաև շատ երերուն էր, քանի որ հիմնված չէր ազգային, կրոնական, սկզբունքային պայքարի շուրջ: Զերծ լինելով միասնական գաղափարախոսությունից ՝ բանակի առանձին միավորումներ, ելնելով իրենց անձնական շահերից, յուրաքանչյուր պահի պատրաստ էին դուրս գալ պայքարի այն ուժերի դեմ, ում հետ գտնվում էին ռազմական դաշինքի մեջ:
1815 թ ․ օգոստոսին Արաբիայի ռազմարշավի ընթացքում վահաբիների դեմ տարած առաջին հաղթանակներից հետո Մուհամմադ Ալին, ձգտելով թուլացնել իր կախումը զինվորական հրամանատարներից, փորձեց ստեղծել նոր տեսակի զորք ։ Դրա համար պաշտոնական առիթ հանդիսացան 1815 թ ․ Հիջազից եկած մի քանի հարյուր զինվորների կողմից Կահիրեում կատարված անկարգությունները ։ Քանի որ նրանց մեջ կային ալբանացիներ, ալբանական զորքը հրաժարվեց նրանց հնազանդեցնել, ինչը և Մուհամմադ Ալիին դրդեց ստեղծել նոր,
7
عبد الرحمن الرافعي ، عصر محمد علي ، القاهرة ، ١٩٥١ ص. ٣٧٣-٣٨٠.
8
أحمد حسين ، موسوعة تاريخ مصر ، الجزء الثالث ، القاهرة ، ١٩٧٣ ص. ٩٣٠-٩٣٢. 16