պահպանվում է Բրիտանական թանգարանում( Լոնդոն): Մինչդեռ բրիտանացիներին հանձնելուց առաջ ֆրանսիացիները բոլոր գտածոներից, այդ թվում` Ռոզեթյան քարից, հանել էին պատճեններ, որոնցից էլ հետագայում օգտվեց Շամպոլյոնը: Ուստի պետք է փաստել, որ եգիպտագիտության ստեղծման ակունքներում կանգնած է Նապոլեոն Բոնապարտը: Բոնապարտի սույն գիտական ձեռնարկումն ունեցավ փայլուն հաջողություններ, ինչը, սակայն, չի կարելի ասել Արևելյան արշավանքի ռազմաքաղաքական նպատակների մասին:
Հպանցիկ անդրադարձ կատարելով արշավանքի բուն ռազմական ընթացքին` պետք է փաստենք, որ, չնայած մամլուքների և օսմանյան զորքերի նկատմամբ ֆրանսիացիների տարած մի շարք փայլուն հաղթանակներին, այնուամենայնիվ, արշավանքի ստրատեգիական նպատակները չիրականացան, քանի որ 1798 թ. օգոստոսին բրիտանացիների կողմից Աբուքիրի( Եգիպտոս) մոտ հայտնաբերվել և ոչնչացվել էր ֆրանսիական զորքերին Եգիպտոս տեղափոխած նավատորմի զգալի մասը, ինչի արդյունքում վերջիններս հայտնվել էին ծուղակում:
Միևնույն ժամանակ, ոչ առանց բրիտանական ֆինանսավորման, Եվրոպայում ձևավորվել էր երկրորդ հակաֆրանսիական խմբավորումը( 1798-1801 թթ., Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ավստրիա, Օսմանյան կայսրություն և Նեապոլիտանական թագավորություն), որի ծավալած ռազմական գործողությունների արդյունքում Ֆրանսիան հայտնվել էր ռուս-ավստրիական ուժերի ներխուժման իրական սպառնալիքի առաջ: Դիրեկտորիան հեղինակություն չէր վայելում, և Ֆրանսիայի հասարակական կարծիքը պահանջում էր Բոնապարտի շուտափույթ վերադարձը Եգիպտոսից, ինչը դիտվում էր որպես սոսկալի պարտությունից խուսափելու միակ ելք 7:
Ստեղծված իրավիճակը Բոնապարտին ստիպեց 1799 թ. օգոստոսին թողնել Եգիպտոսն ու « Արևելյան » բանակի հրամանատարի պաշտոնը( այն ստանձնեց գեներալ Ժ. Բ. Կլեբերը) և վերադառնալ Ֆրանսիա, ուր և նույն թվականի հոկտեմբերին ընդունվեց մեծ ցնծությամբ: Հարկ է նշել, որ 1798 թ. ` Եգիպտոս մեկնելուց առաջ, Բոնապարտը իշխանությունների կողմից ստացել էր լայն լիազորություններ: Մասնավորապես, ի թիվս այլ լիազորությունների, վերջինս իրավունք
7
Тарле Е. В., Талейран, Москва, 1962, с. 60. 153