MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 151

Ֆրանսիայի դեմ սկիզբ առած ագրեսիվ պատերազմների ընթացքում բրիտանացիները զգալի ֆինանսական աջակցություն էին ցուցաբերում իրենց դաշնակից արքունիքներին: Այսպես` յուրաքանչյուր հարյուր հազար զինվորի դիմաց վերջիններս Լոնդոնից ստանում էին 1.250.000 ֆունտ ստերլինգ 1, ինչն այդ երկրների համար զգալի գումար էր:
Ֆրանսիայի համար աշխարհաքաղաքական այս դժվարին պայմաններում էլ ողջ ծավալով դրսևորվեց երիտասարդ և շնորհալի գեներալ Նապոլեոն Բոնապարտի( 1769-1821 թթ.) ` որպես ռազմական և պետական փայլուն գործչի բացառիկ տաղանդը: Հենց նրա գործուն մասնակցությամբ էր, որ 1797 թ. ջախջախվեց և կազմալուծվեց առաջին հակաֆրանսիական խմբավորումը( 1792-1797 թթ.), սակայն դեռևս անսասան էր մնացել Մեծ Բրիտանիան: Ուստի բրիտանացիներին ևս հաշտություն պարտադրելու մեթոդների ընտրության կապակցությամբ 1797-1798 թթ. Փարիզում ընթանում էին բուռն քննարկումներ:
Մեծ Բրիտանիայի ջախջախումը Ֆրանսիայի համար ուներ առաջնային նշանակություն: Բոնապարտն ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Շ. Մ. Թալեյրանը Դիրեկտորիային առաջարկում էին բրիտանական շահերին հարված հասցնել Եգիպտոսում, որը սոսկ ձևականորեն պատկանում էր Օսմանյան կայսրությանը և իր նպաստավոր աշխարհագրական դիրքի շնորհիվ ուներ ստրատեգիական նշանակություն: Արշավանքի հաջող ելքը թույլ կտար իրական սպառնալիք ստեղծել Հնդկաստանում( հանդիսանում էր բրիտանական գաղութ) Մեծ Բրիտանիայի տնտեսական շահերի համար: Արդյունքում անգլիացիները կզրկվեին Ֆրանսիայի դեմ երկարատև պատերազմներ վարելու, ինչպես նաև իրենց դաշնակիցներին առատորեն ֆինանսավորելու հնարավորությունից: 1797 թ. օգոստոսին Դիրեկտորիային ուղղված իր նամակում Բոնապարտն արդեն պաշտոնապես դնում էր Եգիպտոսը գրավելու հարցը. « Հեռու չէ ժամանակը, երբ մենք կհասկանանք, որ Անգլիային իրապես ջախջախելու համար մեզ պետք է նվաճել Եգիպտոսը » 2:
Հիշյալ ջանքերի արդյունքում 1798 թ. գարնանը Դիրեկտորիան ստորագրեց « Արևելյան » բանակի կազմավորման մասին հրամանը, որի հրամանատար նշանակվեց Բոնապարտը: Վերջինիս հատկացվում էր
1
Троицкий Н. А., Александр I и Наполеон. Москва, 1994, с. 97.
2
Մանֆրեդ Ա. Զ., Նապոլեոն Բոնապարտ, Երևան, 1975, էջ 207 ։ 151