LAYOUT September 2017 #06 | Page 26

08.

ՄԱՏԻՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՎԵԼՎԱԾ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ցանկացած նախագիծ սկսվում է մատիտով կամ գրչով արված էսքիզից, որոշ դեպքերում ՝ համակարգչով արված պարզագույն նկարներից: Վստահ եմ, որ հենց դա է լավագույնս արտահայտում ապագա նախագծի էությունը: Սակայն միշտ նախագծի վիզուալ ներկայացման խնդիր կա, քանի որ շատ հաճախ էսքիզները միայն հեղինակին են հասկանալի, իսկ անպատրաստ աչքին ընդհանրապես ոչինչ չեն ասում: Էսքիզը վերածվում է գծագրի, գծագիրը դառնում է եռաչափ մոդել, մոդելը ՝ ռեալիստիկ եռաչափ պատկերավորում: Սա է հիմնական աշխատանքային ընթացքը, որի արդյունքը ի վերջո դառնում է պատվիրատուին, ժյուրիին կամ հանրությանը համոզելու միջոց: Այո, ցանկացած պատկերավորում համոզելու կամ նույնիսկ ՝ խաբելու միջոց է, ինչպես ասվում է Քրիստոֆեր Ռենի մասին հայտնի լեգենդում, ըստ որի ՝ ճարտարապետը ցույց էր տվել մի նախագիծ, իսկ իրականացրել էր լրիվ ուրիշ բան:
Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ստանալ հիպերռեալիստիկ պատկերներ, 360 աստիճան վիրտուալ տուրեր և ի վերջո ՝ հավելված իրականություն: Սակայն հարց է առաջանում. ինչքանո ՞ վ է այս ամենը օգտակար: Այո, համոզելը հեշտացել է: Պատվիրատուն ստանում է հեշտ ըմբռնելի տեսլական, բայց շատ հաճախ հանդիպում ենք դեպքերի, երբ եռաչափ պատկերավորումը դառնում է ավելի կարևոր, քան բուն նախագիծը, հիպերռեալիզմը դառնում է ինքնանպատակ: Վերջին տարիներին հակազդեցության տենդենց է նկատվում: Ավելի հաճախ են հանդիպում նախագծեր ՝ ալտերնատիվ պատկերավորման միջոցներով, որը ստացել է հետթվային պատկերավորում( postdigital rendering) անվանումը: Հիմնականում օգտագործվում է ոչ մեծ և մեծամասամբ նոր սերնդի արվեստանոցների կողմից: Հետթվային ներկայացման ձևը կարևորում է ճարտարապետության մթնոլորտը, տրամադրությունը: Շեշտադրում է նախագծի էությունը ՝ ետին պլանում թողնելով մանրուքները, որոնք այսպես թե այնպես պիտի մշակվեն աշխատանքային նախագծում: Պարադոքսն այն է, որ շատ հաճախ այս տեսակ ներկայացումը ի վերջո ավելի մոտ է իրական արդյունքին, քան ռեալիստիկ պատկերավորումները: