Մասնագիտական լեզվի չզարգանալու երկրորդ պատճառը
ճարտարապետության հեռացումն է տեքստից, ինչի մասին մենք
խոսել ենք։ Այն պարագայում, երբ գրեթե չունենք քննադատություն,
ճարտարապետները չեն գրում հոդվածներ, չկան ծավալուն
հանդեսներ, մի խոսքով, ժամանակակից մասնագիտական
գրականություն չի ստեղծվում, լեզուն չի կարող զարգանալ։ Իսկ
նոր բառեր ստեղծելու փորձերը հիմնականում անհաջող են,
որովհետև այդ բառերը մտացածին են, իսկ դրանց պահանջարկը՝
արհեստական։ Օրինակ, ի՞նչ կարիք կա փոխարինել ինտերիեր
բառը բժշկական ասոցիացիաներ առաջացնող ներքույթով,
իսկ էքստերիերը՝ դրսույթով, եթե այդ բառերը օգտագործվում
են միայն որևէ լուսանկարի տակ բացատրագրի համար։ Կամ
վերջերս լսեցի դետալիոն, մինչև հիմա չեմ պատկերացնում, թե դա
ինչ է։ Կան, իհարկե, հաջող կամ վիճելի օրինակներ, ժամանակին
Մարտին Միքայելյանը առաջարկել էր Premises, помещение
բառի փոխարեն օգտագործել սենք բառը, որը այդպես էլ դուրս
չեկավ նեղ մասնագիտական դաշտից և երբեմն պատահում է
նախագծերի կամ նորմատիվ փաստաթղթերում։ Սակայն ակնհայտ
է, որ հայերենը կզարգանա միայն այն դեպքում, երբ հայկական
ճարտարապետությունը կստեղծի կենդանի, ապրող, կարդացվող
ճարտարապետական գրականություն։
Մաքսիմ Աթայանցի
աշխատանքների ժողովածուն
կարելի է թերթել
դ՛Արվեստանոցում