LAYOUT October 2017 #07 | Page 27

շինարարության տեխնոլոգիայի ընդհանուր մակարդակը ցածր է և հեռու է արդյունաբերական մոտեցումներից, հետևաբար, շինհրապարակներում հնչում է կենցաղային հայերենի և տարբեր լեզուներից վերցրած և անճանաչելի աղավաղված բառերի մի սարսափելի խառնուրդ։ Անշուշտ, ես հեռու եմ այն մտքից, որ ծանր և պատասխանատու աշխատանքով զբաղված մարդիկ պետք է հաղորդակցվեն բացառապես գրական լեզվով, խոսքը մասնագիտական հատուկ բառապաշարի մասին է։ Այստեղ հասնում է զավեշտի, երբ ոչ միայն օգտագործվում են բառերի աղավաղված ձևերը, օրինակ՝ կաչկա, խռամոկ և այլն (ինչպես մեկը ժամանակին սխալ է լսել իր ականջով և փոխանցել է հաջորդ սերունդներին), այլ նույնիսկ բառերի բուն իմաստն է սխալ, ինչպես՝ համատարած սյանը անվանում են բալկա կամ հեծան, իսկ հեծանին՝ կալոնա կամ սյուն և սույն։ Այս երևույթի պատճառը, ենթադրում եմ, այն է, որ միջին մասնագիտական կրթությունը այլևս գոյություն չունի, և շինարարական մասնագիտացումը մարդիկ ստանում են հենց տեղում փորձի ուղղակի փոխանակման միջոցով։ Նաև կարևոր է՝ ինչքանով գրագետ է նախագիծը և ինչպես է շինարարը աշխատում դրա վրա։ Այստեղ ճարտարապետներն ունեն առաքելություն՝ գոնե հեղինակային հսկողության ընթացքում մի փոքր վիճակը բարելավելու, գոնե մի երկու նորմալ հայերեն բառ սովորեցնելու։ Հիշում եմ մի դեպք, երբ Երևանում մշտական ապրող և հայերեն ազատ տիրապետող մի պատվիրատու՝ ծագումով ֆրանսիացի, շինհրապարակում հարցրեց՝ արդյոք տեղադրված է ջերմամեկուսիչը։ Բանվորը երկար ու զարմացած նայեց, հետո գլխի ընկավ՝ հաաա, իզալացյան։