LAYOUT November 2017 #08 | Page 26

Կարեն Բալյան Ճարտարապետության տեսաբան Այն, որ ճարտարապետական իրավիճակը մտահոգում է վարչապետին, հասկանալի է և ընդունելի: Սակայն ի՞նչ ակնկալիքներ նա կարող է ունենալ հենց այդ իրավիճակը ստեղծողներից: Տանիքներն ու ճակատներն ածանցյալներն են ամբողջական կառույցի: Իրականում մենք գործ ունենք քաղաքաշինական շարունակական սխալների հետ: Փոխելով դրանց տանիքների և ճակատների գույնը՝ խնդիրը լուծում չի ստանա: Եվ ի՞նչ սահմանափակումների մասին է խոսքը: Բերել ճակատների լուծումները կեղծ դասական ձևի՞ (հիմա դա իշխող տարբերակ է), ինչպես ստալինյան շրջանում, երբ արգելվեց արդի ճարտարապետության ձևերի կիրառումը: Թե՞ խռուշչյովյան 1955 թվականի տարբերակը, երբ արգելվեցին ստալինյան ավելորդությունները և ճարտարապետությունը սկսեց խեղդվել ազատության սահմանափակումներից: Խնդիրը արտաքին դեկորի փոփոխության և արհեստական սահմանափակումների մեջ չէ: Խնդիրը ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտի սկզբունքային վերափոխման մեջ է՝ նոր, երիտասարդ, տաղանդավոր մասնագետների ներգրավման միջոցով: Ռուբեն Համբարձումյան Տեխնիկական գիտությունների թեկնածու Գովելի է, որ ՀՀ կառավարությունն ընդունում է ՀՀ համայնքներում ճարտարապետության բացակայության սուր խնդիրը, սակայն անհասկանալի է, թե ինչու պետք է սկսել տանիքների գունային լուծումներից։ Խնդիրը բարդ ու համակարգային է, և միայն տանիքի գույնը (մի կողմ եմ թողնում հարցի բազմաթիվ տեխնիկական խնդիրները) հաստատելով չէ, որ այն պետք է լուծվի։ Մյուս կողմից հարց է առաջանում՝ արդյո՞ք հայեցակարգը վերաբերում է միայն նոր կառուցվող շինություններին։ Եթե ոչ, ապա ինչպե՞ս են դիտարկվելու արդեն իսկ կառուցված շինությունները հարցի համատեքստում։