LAYOUT June 2017 #03 | Page 31

Մեծ Տվ յալների վերլուծությունը պահանջում է դասական անալիտիկ մեթոդներից սկզբունքորեն տարբերվող մոտեցումներ։ Այնպիսի մոտեցումներ, որոնք փոխակերպում են Մեծ Տվ յալները որպես մեկ ամբողջություն դիտարկելու և մոդելավորելու հնարավորության մասին մեր պատկերացումները։ Այնպիսի մոտեցումներ, որոնք ստիպում են Մեծ Տվ յալները առաջին հերթին մաթեմատիկորեն դիտարկել և միայն այնուհետ ստեղծել դրանց համար մշակութային կոնտեքստ։ Օրինակ, Goo- gle-ի կողմից գովազդային ասպարեզը նվաճելու հիմքում ընկած են բարդ մաթեմատիկական մոդելներ։ Վերջիններիս համար էական չէ՝ ինչու՞ է այս կամ այն գովազդային էջն ավելի լավը, քան մյուսը. եթե ստատիստիկ վերլուծությունից դա է բխում, այն համարվում է բավարար հիմք այդպես կարծելու։ Դասական գիտական մեթոդի հիմքում ընկած որևէ սեմանթիկ կամ պատճառահետևանքային վերլուծություն չի իրականացվում։ Գիտական մեթոդը դարեր շարունակ կայացել է հետևյալում. դիտվող երևույթների վերաբերյալ գրանցված էմպիրիկ տվ յալներում (որոնք «մեծ» չէին) նկատվել են օրինաչափություններ, որոնց հիման վրա արվել են այդ երևույթների պատճառ հանդիսացող ենթադրյալ համակարգի մասին հիպոթեզներ. առաջարկվել են համակարգը նկարագրող մաթեմատիկական մոդելներ, որոնցից ստացված կանխատեսումներն իրենց հերթին ստուգվել են էմպիրիկ ճանապարհով։ Այլ կերպ ասած, գիտական մեթոդի նպատակն է հայտնաբերել այն ընդհանրացված օրենքը/ կանոնը, որը ծնում է դիտվող բնական երևույթը և հնարավորություն է տալիս կանխատեսել համակարգի վարքագիծը ընդունելի ճշտության սահմաններում։ Օրինակ՝ ապագայում գտնվող որևէ պահի համար լուսնի դիրքը որոշվում է Նյուտոնի հայտնի տեսությունից բխող հավասարումներից։ Հիմա պատկերացրեք՝ Նյուտոնը 17-րդ դարում ունենար հզոր համակարգիչ և լուսնի ստեղծման պահից բոլոր ժամանակահատվածների համար լուսնի դիրքը նկարագրող կոորդինատների տվ յալների բազա։ Այդ դեպքում լուսնի դիրքը ապագայի որևէ պահին որոշելու համար կարիք չէր լինի նրա ուղեծրի և շարժման կանոնների շուրջ տեսություն ստեղծել։ Կարիք չէր լինի իմանալու, թե «ինչու՞» է լուսինը շարժվում այնպես, ինչպես շարժվում է։ Անցյալում լուսնի դիրքի կոորդինատների եղած ահռելի տվ յալների ստատիստիկ վերլուծության հիման վրա կարելի կլիներ մեծ ճշտությամբ որոշել լուսնի դիրքը ապագայի ցանկացած պահի համար՝ առանց իմանալու պատճառը։ Այսօր բազում ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ հենց նման մի բան է տեղի ունենում։ Ինչու՞ հարցի պատասխանը կամ ընդհանրապես կարևոր չէ, ինչպես, օրինակ, գովազդի ոլորտում, կամ գտնվում է Մեծ Տվ յալների օժանդակությամբ, եթե այդպիսիք առկա են։