Համալիրի ներկայիս տեսքը
- Ինչպե՞ս սկսվեց Սևանի գրողների
ստեղծագործական տան վերականգնման
ծրագիրը:
Սևանի գրողների ստեղծագործական
տան հետազոտությամբ սկսել եմ զբաղվել
2000-ականների սկզբից: Այդ կառույցի
վրա կենտրոնացա, երբ մենք ավստրիացի
գործընկերոջս՝ Գեորգ Շոլհամերի հետ սկսեցինք
«Տեղային արդիություններ» նախագիծը, որը
հետագայում տևական զարգացում ստացավ:
Այնուհետև միասին աշխատեցինք նոր
նախագծերի վրա, իրականացրինք բազմաթիվ
նախագծեր, գիտաժողովներ, ցուցահանդեսներ՝
նվիրված խորհրդային մոդեռնիստական
ճարտարապետությանը: Շուրջ 12 տարի
շարունակվող այդ հետազոտությունն իր
առաջին կարևոր մարմնավորումը ստացավ, երբ
Վիեննայի ճարտարապետության թանգարանը
մեր ուսումնասիրության հիման վրա անցկացրեց
երկրորդ հետազոտությունը և կազմակերպեց
«Սովետական մոդեռնիզմ, անհայտ
պատմություններ (1955-1991)» խորագրով
ցուցահանդեսն ու վեհաժողովը: Վեհաժողովի
վերջում ընդունվեց բանաձև, որը կոչ էր անում
նախկին խորհրդային երկրի նախագահներին,
կառավարություններին, ղեկավարներին շատ
զգուշորեն վերաբերվել այդ ժառանգությանը:
Ցուցահանդեսի շրջանակում հրատարակվեց
գիրք, որի հենց առաջին էջում տեղադրվել
է Սևանի գրողների ստեղծագործական
տան լուսանկարը: Արդյունքում այն դարձավ
բավականին հայտնի կառույց: Տարվա բոլոր
եղանակներին, բացի ձմռանից, այնտեղ կարելի
է հանդիպել զբոսաշրջիկների, ովքեր գալիս են
տեսնելու և լուսանկարելու շենքը: