LAYOUT July 2017 #04 | Page 18

07. ՌՈՒԲԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ. ՍԵՎԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՏՈՒՆՆ ԱՐԴԵՆ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՀԱՅՏՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ Է - Ինչպե՞ս պատահեց, որ ընտրվեցիք Սևանի գրողների ստեղծագործական տան վերականգնման նախագծի գիտական ղեկավար: Մենք նախապատրաստեցինք վերականգնման նախագիծը, որի գիտական մասի համար պատասխանատու եմ ես, իսկ ճարտարապետական մասի համար՝ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը: Երբ նախագիծը պատրաստ էր, դիմեցինք Գեթի հիմնադրամի «Պահպանենք արդին» ծրագրին: Արդյունքում Սևանի հանգստյան տան վերականգնման նախագիծը հաղթեց այդ մրցույթում: - Ինչո՞ւ է Սևանի գրողների ստեղծագործական տունը կարևոր և ինչո՞ւ է այն մի տեսակ անտեսված Հայաստանում: Սևանի գրողների ստեղծագործական տունը միակը չէ, որ ներառված չէ պահպանվող հուշարձանների ցանկում: Ցանկից դուրս են մնացել մոդեռնիստական ժամանակաշրջանի հուշարձանների մեծ մասը: Սևանի հանգստյան տան շենքն այն բազմաթիվ հայկական մոդեռնիստական կառույցներից է, որի հանդեպ տարբեր պատմական համատեքստերում մշակութային կոնֆլիկտի հետևանքով ձևավորվեց հակասական վերաբերմունք: Հասարակության մի մասի մոտ կա էմոցիոնալ կապ այդ շենքի հետ, իսկ մյուս մասն ունի անթաքույց հակակրանք: Սա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ գիտական մակարդակով այդ շենքը երբեք բավարար կերպով չի ուսումնասիրվել: Սովետական միության փլուզումից հետո խորհրդային անցյալի հետ կապված ճարտարապետական շերտերը գաղափարականացվեցին և ընկան ընդհանուր մոտեցման տրամաբանության մեջ, որը փորձ էր անում ժխտել այդ շերտերը: