Բայց չկա։ Դևլինն ասում է՝ էսթետիկայի հետ ոսկե հատման որևէ
առնչության վերաբերյալ գաղափարն ի սկզբանե տվել են երկու հոգի,
որոնցից մեկին սխալ են մեջբերել, իսկ մյուսն ուղղակի տուֆտում էր։
Առաջինը Լուկա Պաչոլին էր՝ ֆրանցիսկյան միաբան, ով դեռևս
1509 թվականին գրեց «Աստվածային մասնաբաժին» (“De divina
proportione”) գիրքը, որն այդպես էր կոչվել ոսկե հատման պատվին։
Իր գրքում Պաչոլին տարօրինակ կերպով չի հիմնավորում ոսկե
հատումով պայմանավորված էսթետիկայի տեսությունը, և որ այն
պետք է կիրառվի արվեստում, ճարտարապետության և դիզայնի
մեջ։ Փոխարենը նա խրախուսում է ռացիոնալ համաչափությունների
վիտրուվյան համակարգը՝ հիմնվելով առաջին դարի հռոմեացի
ճարտարապետ Վիտրուվիոսի տեսության վրա։ Ոսկե հատման
տեսությունը սխալմամբ Պաչոլիին է վերագրվել 1799-ին, եթե
հավատանք Մարիո Լիվիոյին, ով իրականում գրել է ոսկե հատման
մասին գիրքը։ Բայց Պաչոլին մտերիմ էր Լեոնարդո դա Վինչիի
հետ, ում աշխատությունները 19-րդ դարում վերանայվում էին ու
լայն ճանաչում էին ստացել։ Քանի որ Դա Վինչին նկարազարդել
էր «Աստվածային մասնաբաժինը», շատ շուտով սկսեցին ասել, որ
Դա Վինչին ինքն էլ կիրառել է ոսկե հատումը՝ որպես իր նրբագեղ
կտավների գաղտնի թվաբանություն։