Ի զարմանս մեզ ՝ մեկ ժամ անց ստացանք Զեքեյանի շատ հուզիչ պատասխան նամակը: Ես հույս ունեմ ՝ մի օր, երբ մեր նախաձեռնությունը վերջնական հաղթական ավարտին հասնի, այդ նամակը կհրապարակվի: Այս պահին միայն մի բան կասեմ, այդ նամակից պարզ էր, որ շենքը վարձակալության չի տրվելու: Դա մեր առաջին հաղթանակն եմ համարում: Շատ լուրջ խնդիր էր նաև Մխիթարյան հայրերի, վանականների թերահավատ վերաբերմունքը մեր գործին: Երբ մենք աշխատանքային հարցերով այցելում էինք միաբանություն, համատարած թերահավատություն էր, ինչը ինչ-որ տեղ արդարացված էր, որովետև մեզնից առաջ էլ եղել էին մարդիկ, ովքեր ցանկացել էին որևէ բան անել, բայց այդպես էլ ցանկությունից այն կողմ ոչինչ չէր արվել: Բարեբախտաբար, այսօր կոտրվել է նաև այդ սառույցը, ու մենք մեր քայլերը և աշխատանքները քննարկում ենք անմիջապես Լևոն Զեքեյանի հետ, ով, կարելի է ասել, միանձնյա է որոշումներ կատարում միաբանությունում: Ինչ վերաբերում է ներկայիս խնդիրներին, ասեմ, որ ներկայում համար մեկ խնդիրը վերջապես հասկանալն է, թե շենքն ինչ պետք է դառնա վերակառուցումից հետո ՝ դպրո ՞ ց, որին հակված ենք մենք, որովհետև այն կարող է կրկին հրաշալի կրթօջախ դառնալ Եվրոպայի սրտում, որտեղ շա ՜ տ կուզեմ ՝ սովորեն նաև իմ երեխաները, թե ՞ մշակութային կենտրոն, ինչպես պատկերացնում է Զեքյանը ՝ մեկնաբանելով, որ դպրոցի վերաբացումից հետո հայ երիտասարդներն այնտեղ կսովորեն, հետո կմնան Եվրոպայում ՝ բարձրագույն ուսումը շարունակելու ու այդպես էլ հայրենիք չեն վերադառնա: Այնուամենայնիվ, ինչ էլ որ լինի, մեզ համար ներկայում շենքը ՝ որպես Եվրոպայում հայկական կենտրոն պահելն է: Ասեմ, որ մենք նոյեմբերին Երևանում պատիվ ունեցանք հանդիպելու Զեքյանին: Փետրվարին Վենետիկում լինելու է մեծ քննարկում, որին անպայման մասնակցելու եմ նաև ես: Հուսով եմ ՝ այդ հանդիպման ժամանակ էլ կհստակեցվի կառույցի հետագա ճակատագիրը: