-Ինչպիսի՞ վիճակում է գտնվում այսօր վարժարանի շենքը, և ի՞նչ
խնդիրներ կան ներկայում։
-Խնդիրները մի քանիսն են: Նախ՝ չնայած իր փառավոր անցյալին՝ այսօր
այդ վարժարանը տխուր շենք է, որին պետք է արժանի վերաբերմունք ցույց
տալ: Գնալ, տաքացնել, լավ բան պատմել՝ տրամադրությունը բարձրանա...
(ժպտում է): Այդ շենքը լուրջ արժեք է ներկայացնում Եվրոպայի կենտրոնում:
Ոչ բոլորը աշխարհահռչակ Գասպարիի շենք ունենալու հնարավորոթյուն
ու բախտ ունեն: Ինձ մոտ «Մուրադ Ռաֆայելյանը» ասոցացվում է
հայրենասիրության և առհասարակ հայության հետ կապված ամեն ինչի
հետ: Ցավոք, շենքը ֆինանսական պայմանների պատճառով ոչ միայն
դադարել է գործել՝ որպես դպրոց, այլ գնալով վերանում է: Վերանում է
այնքանով, որ Մխիթարյանները, ֆինանսական հնարավորությունների
սղության պատճառով, ստիպված են այն կա՛մ վաճառել, կա՛մ վարձով
տալ, ինչը հասկանալի է: Բայց այս ամենի արդյունքում շենքն օտարվում է
մեզնից: Մեր ուսումնասիրությունների արդյունքում մենք պարզեցինք, որ
շենքի ճակատագրի հարցում ամենահավանական տարբերակներից է եղել
այն «Հիլթն» համաշխարահային ցանցին վարձով տալը, մյուսը, որին չէին
հավատում Մխիթարյանները, հայության համատեղ միջոցներով շենքի
վերակառուցման համար գումարներ հայթայթելը: Ինչպես ասացի, մեզ
համար սկզբունքային էր, որ շենքը ոչ մի պարագայում վարձակալության
չտրվեր: Մենք արդեն մի քանի ամիս աշխատում էինք շենքը վերակառուցելու
նախագծի վրա՝ որևէ տեղեկություն չունենալով վարձակալության ծրագրերի
մասին, երբ իմացանք, որ Մխիթարյան Միաբանության ժամանակավորապես
պաշտոնակատար աբբահայր Արքիեպիսկոպոս Լևոն Զեքեյանը բաց նամակ է
հրապարակել, ըստ որի՝ եթե մինչև 2016-ի հունիսի 30-ը չներկայացվեր շենքի
վերակառուցման հստակ նախագիծ, շենքը տրվելու էր «Հիլթն»-ին: Մնացել
էր ընդամենը մեկ ամիս: Այդ պահին տեսականորեն անհնար էր թվում լուրջ և
ամբողջական աշխատանք անելը, բայց մեր թիմը հասցրեց տեղավորվել այդ
շատ սուղ թվացող ժամանակահատվածում: Վերջնաժամկետից ժամեր առաջ
Զեքեյանին ուղարկվեց մեր նախագիծը: