Լիլիթ Ումեդյան
Դիզայներ
Երևանի ամանորյա զարդարանքը վերջին տարիներին իրենից ներկայացնում է
ավանդաբար հրապարակում դրվող անհամաչափ տոնածառ, տարբեր բևեռային էակներ՝
կենտրոնի փողոցներում, նույն փողոցների լուսավորության տեղադրում կրկին ըստ
առաջնահերթության, մեկական տոնածառ ամեն համայնքի «մուտքի մոտ... Իհարկե այս
ամենի մեջ կան և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Դրական է այն, որ կա որոշակի
սխեմա, համակարգ. մեծ տոնածառ, փոքր տոնածառներ, լույսեր (ամենահաջողվածը
Բարեկամության հրապարակի էստակադայի լուսավորության լուծումը կարող ենք
համարել): Նաև տոնին հաճելի տրամադրություն է հաղորդում Հյուսիսային պողոտայում
կազմակերպվող Ամանորյա տոնավաճառը: Բացասական է կրկնողությունը. նույն
ուրվագիծն ունեցող տոնածառ, նույն թատերական ռեկվիզիտային ֆիգուրները...
Տոնը ամեն անգամ նույն կերպարանքն ունի: Այսինքն՝ տարեցտարի աշխարհն ու մենք
փոխվում ենք, բայց Նոր տարին նույնն է...
Առաջարկներ. ունենալ ամեն տարի որոշակի հաղորդագրություն պարունակող
թեմատիկ տոնածառ, փողոցային տոնավաճառներ ոչ միայն կենտրոնում, այլև
«մուտքերի» մոտ գտնվող տոնածառերի, համայնքային կենտրոնների, երկրորդական
փողոցների տարածքում, լույսեր՝ Բարեկամության էստակադայի օրինակով, ինտենսիվ,
շատ, արագության հետ բնույթը փոխող... Պետք է տոնը դարձնել ոչ թե Երևանինը, այլ
Երևանի բնակիչներինը, այդ ժամանակ այն իրոք անմոռանալի կլինի:
Հայկ Զալիբեկյան
Ճարտարապետ
Չեմ կարող կարծիք հայտնել մի բանի մասին, ինչը գոյություն չունի կամ
ստացվել է ինքնըստինքյան։ Նույն հաջողությամ կարող եմ կարծիք հայտնել
ցեխաջրի կամ աղբակույտի մասին։ Այսքանը կարող եմ ասել համառոտ։