LAYOUT December 2017 #09 | Página 6

Արսեն Կարապետյան Ճարտարապետ Երևանում ամեն տարի տպավորություն եմ ունենում, որ խնդիրը ոչ թե մթնոլորտ ստեղծելն է, այլ հատկացված բյուջեն իրացնելը։ Լուծումների տեսակետից շատ են անհասկանալի տգեղ տարրերը՝ վատ որակի կենդանատիպ և ուրիշ արձաններ, որոնք կա՛մ պատրաստվում են տեղում շատ անորակ, կա՛մ բերվում են հավանաբար Չինաստանից։ Նույնը կարելի է ասել լուսավորության մասին։ Վերջերս ինչ-որ տոն էր, ու ես տեսա, որ Կարապի լիճը զարդարելու համար օգտագործել են նույն ամանորյա լույսերը։ Համենայն դեպս, շատ նման էին։ Ոճային տեսանկյունից էլ զարդարման տրամաբանությունը ժառանգված է սովետից: Պետք է հաշվի առնել, որ շատ դեկորներ սազական են միայն ծագման երկրին ու դրանք շատ դժվար է ճիշտ օգտագործել այլ միջավայրում։ Եվ վերջապես շատ կարևոր է թեկուզ սուղ միջոցներով, բայց ամեն մանրուք հաշվի առնելով ու որակով աշխատելը։ Օրինակ, լավ է, որ Հյուսիսային պողոտայում տեղադրվում են տաղավարներ, ամանորյա շուկան ճիշտ գաղափար է, բայց այդ տաղավարներին մոտիկից հնարավոր չէ նայել առանց ցավի. ծուռ-մուռ, թքով կպցրած ու անճաշակ են դրանք։ Նման մոտեցմամբ ավելի լավ է ոչինչ չանել: Սիրանուշ Դանիելյան Գրաֆիկ դիզայներ Ուուուուհ, հենց այսօր տեսա, որ սկսել են ծառերին լույսեր փաթաթել, ու մտածեցի՝ տեսնես էլի՞ նույն տոնածառն են դնելու հրապարակում: Ինչքան ինձ հիշում եմ, այդ տոնածառը նույնն է՝ նույն ձևի նիհար, ինչ-որ խաղեր տվող կարմիր ու կապույտ լույսերով: Հետաքրքիր կլիներ քաղաքում ինչ-որ մի Կենտրոնական տեղ զուտ հայկական տոնածառ ունենալը։ Իսկ ընդհանրապես լավ կլիներ, որ ամբողջ քաղաքի զարդարանքը, լույսերը, ամեն ինչը ըստ տարվա կոնկրետ թեմայի կոնկրետ խնդիր լուծելով արվեր։ Մինչև հիմա այն տպավորությունն է, որ ամեն տարի նույն պահեստից հանում են ինչ-որ անհիշելի ժամանակ գնված խաղալիքներ ու բերում խառը լցնում են , ինչպես պատահի։ հարցումն անցկացրեց Մերի Չալիկյանը, հատուկ Լեյաութի համար